Դասի արդյունավետությունն ապահովելու լավագույն միջոցը համագործակցությունն է

Ո՞րն է այսօր մեր դպրոցի հիմնական խնդիրներից մեկը: Ես կասեի` պրպտող, որոնող, ինքնուրույն որոշումներ կայացնող, ազատ, առողջ մտածող,  կյանքում իր խոսքն ու տեղը ունեցող անհատի ձևավորումն է: Այսօրվա մեր երեխան հենց այդպիսին է: Նա էլ երեկվանը չէ. երեկվանը մնաց երեկ: Երեխան այսօր ունի իր «ես»-ը, իր «այո»-ն ու «ոչ»-ը, իր կառուցած աշխարհը, որտեղ ապրում են իր համախոհներն ու իր ստեղծած հերոսները: Առաջվա խաղալիքներին փոխարինել են համակարգիչը, բջջային հեռախոսը, ֆոտոխցիկը, տեսախցիկը: Այսօրվա 5-րդցին ազատ տիրապետում է համակարգչին, օգտվում համացանցից, «փորփրում» հեռախոսը, նորանոր հնարավորություններ գտնում, նկարում ֆոտոխցիկով: ՏՀՏ-ների այս լայն կիրառումը դարձել է նրա, ինչպես նաև մեր այսօրը, մեր կենսակերպը: Իսկ ուսուցչի խնդիրը, ինչպես բոլորս գիտենք, սովորողի օրվա կազմակերպումն է: Ուսուցիչը չի կարող, իրավունք էլ չունի կառչած մնալու ուսումնական գործունեության հին մեթոդներին: Կյանքի պայմանները գիտության առաջընթացի, ՏՀՏ-ների արագ զարգացման այս փուլում թելադրում են ուսումնական գործընթացի նոր ձևեր, նոր տեսակներ ու յուրովի  մոտեցումներ:

Պետք է խոստովանեմ, որ այսօր դժվար է, այսինքն` այնքան էլ հեշտ չէ, դասը վարել այնպես, որ այն և՛ հետաքրքրի սովորողին` դարձնելով նրան դասի ակտիվ մասնակից, և՛ հաղորդի բավարար գիտելիք` զարգացած,  ինքնահաստատված ու հասարակության կողմից արժևորված անհատի ձևավորման համար, և՛ զարգացնի որոշակի հմտություններ ու կարողություններ` վաղվա օրվան դիմակայելու համար: Հենց այստեղ է, որ երեխան և ուսուցիչը դառնում են գործընկերներ` իրար օգնող, իրար լսող, միմյանց հանդուրժող և մեկմեկու լրացնող: Սովորում ենք միասին, սովորում ենք իրարից: Դասի արդյունավետությունն ապահովելու լավագույն միջոցը այս համագործակցությունն է (սովորող-սովորող, ուսուցիչ-սովորող, սովորող-ուսուցիչ):

Իմ փորձից
Հետաքրքիր և աշխույժ են անցնում կենդանիների մասին դասերը: 5-6-րդ դասարանցիներն անցնում են Վ. Անանյանի «Փչոցները», Հ. Թումանյանի «Գելը», «Եղջերուն», Ստ. Զորյանի «Չալանկը»: Հետաքրքիր է նրանց համար կենդանական աշխարհը: Շատերը կենդանիներ են պահում, եղել են գազանանոցում, էկզոտարիումում: Հաշվի առնելով այն, որ այսօրվա երեխան տեղեկացված է, ուսուցիչը շատ անելիք ունի: Հարկավոր է մանրամասն պատրաստվել դասին: Անցնում ենք «Գելը»: Նախօրոք հանրագիտարանում (թե՛ մանկական, թե՛ Սովետական) կարդում եմ գայլի մասին և սկսում նորանոր  նյութեր հավաքել նրա մասին: Դասը սկսում եմ ԽԻԿ համակարգի խթանում փուլով` օգտագործելով ԳՈՒՍ- ի մեթոդը: Գիտեմ սյունակում գրելով իրենց իմացած տեղեկությունները գայլի մասին` երեխաները ոգևորվում են, ուզում են ավելին իմանալ և հենց այդ հարցերն էլ գրում են երկրորդ սյունակում (Ուզում եմ իմանալ): Սկսվում են փնտրտունքները: Սրանից էլ լավ հետազոտական աշխատա՞նք: Դպրոց եմ տանում իմ անձնական գրադարանից Յուրի Դմիտրիևի «Մարդը և կենդանիները», «Иллюстрированная энциклопедия животных», Ջ. Լոնդոնի «Սպիտակ ժանիքը» գրքերը: Գրադարանում  օգնության են հասնում մեր աշխատողները, որոնք սիրով  երեխաներին են տրամադրում գայլի մասին նյութեր և գրքեր: Է՛լ ավանդություններ, է՛լ հեքիաթներ ու առակներ, է՛լ առածներ ու հանելուկներ, դարձվածքներ: Սովորողի հետաքրքրությունը գնալով մեծանում է: Բա համացա՛նցը… սկսում են դուրս բերել գայլի նկարներ, տեղեկություններ: Հավաքվում է մեծ նյութ, որից հետո այդ ամենը դասդասվում է, համակարգվում և դառնում ուսումնական նյութ: Երբ դա՞սը յուրացվում է, սկսում ենք ստեղծագործել. գրում ենք հնգյակներ, ակրոստիքոս, հեքիաթներ, հորինում հանելուկներ: Ուսուցողական է Վեննի դիագրամը` հակադրելով և համադրելով գայլին և շանը:

Հետազոտական աշխատանքներ են նաև ուսումնահասարակական նախագծերը: Համացանցն օգնում է տեղեկանալ դրսում իրականացվող նախագծերի մասին, շատ նախագծեր ծնվում են հենց մեր դպրոցում, շատերն էլ երեխաներն  են առաջարկում: Նախագծեր  ծագում են դասի ժամանակ, ինքնին, ակամա: Մեծ է այսօր երեխայի հետաքրքրությունների շրջանակը: Նրան հետաքրքրում են աշխարհի անցուդարձը, քաղաքական թոհուբոհերը, մարդկանց հուզող հարցերը, շրջապատի տեսարժան վայրերը, աղտոտությունը, հակածխախոտային ակցիան, պայքարը կոոռուպցիայի դեմ, «Կանաչ մոլորակը», Մաքուր համայնքը», «Իմ պահած կենդանիները», «Մեր ուսուցիչները»… Երեխան ինքն է ուզում տեսնել, շոշափել, զգալ, իր կարծիքն հայտնել, իր հարցերի պատասխանները գտնել:

Հենց այստեղ էլ ակտիվանում են սովորողները. նրանք փորձում են գտնել պատճառները, ելք են փնտրում: Նրանց տեսածն ուզգացածը դառնում են նրանց դասը: Դրա համար հարցազրույցներ են վարում, բանավեճեր կազմակերպում, լուսանկարում, տեսաֆիլմեր ստեղծում:
Որտեղ կա աշխատանք, այնտեղ կա զարգացում: Երեխաները չեն դոփում իրենց տեղում. նրանք ընդարձակում են ոչ միայն իրենց մտահորիզոնը, այլև ինքնահարտահայտման նորանոր ձևեր են փնտրում:

Սիրում են հետազոտել երեխաները: Սիրում են իրենք փնտրել, գտնել իրենց կարծիքը հայտնել, եզրակացություններ անել: Դպրոցի համակարգիչն ու ինտերնետը հնարավորություններ են տալիս բավարարելու սովորողի պահանջները: Ինտերնետից իրենց հետաքրքրող նյութը հանելով, թարգմանելով, մշակելով, երեխան ավելի շատ բան է  սովորում և իմանում: Ուսուցումը դառնում է հետաքրքիր ու արդյունավետ:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: