Գուրգեն Մահարի

images

Մահից ես վախ չունեմ

Իմ անունը՝ վկա…

Երևանյան քանդակներ
Որպես նախերգ

Ես ուզում եմ գրել Երևանի մասին:
Վերջերս ես եղա մեր մայրաքաղաքի Կիրովի անվան մանկական զբոսայգում և մի անգամ էլ հիշեցի հին Երևանը: Ես հիշեցի հին Երևանը և հատկապես գավառական այդ մայրաքաղաքի կամ մայրագյուղի այն վայրերը, որտեղ փռված է հիմա` սաղարթախիտ ծառերով և գարնանային թարմությամբ շնչող ծառուղիներով հարուստ Կիրովի անվան մանկական զբոսայգին:
Եվ ամեն անգամ, երբ առիթ է լինում գրել նոր Երևանի մասին, չես կարող չհիշել հինը: Չես կարող չհիշել հինը և չզարմանալ,- այդ ե՞րբ էր: Այդ ե՞րբ էր: Ճիշտ այստեղ…
Բայց դա չի մտնում իմ գրավոր խոհերի և մտորումների նախերգում: Այդ բուն երգն է, տխրությամբ ու նայիրյան վշտով թովուն մի երգ, որը սակայն վերջանում է զվարթ, առնական, շենշող, մեր մեծ ներկայի և հաղթական ապագայի նման:
Ես իմ նախերգով միայն ակնարկում եմ, որ ուզում եմ գրել Երևանի և հատկապես նրա այն վայրերի մասին, որտեղ փռված է հիմա` երգող ծառերով և շնչող ծառուղիներով հարուստ Կիրովի անվան մանկական զբոսայգին:

Երգ առաջին, կամ հին Երևանի ամենահիշարժան անկյունը

Ոչ Շիլաչի մահլի հողաշեն և կավաշեն տնակները, ոչ հնամենի Կոնդն` իր կոնդապատկան շրջակայքով, նիստուկացով և բարդիների խշշոցով, չկարողացան դառնալ հին Երևանի կենցաղային ու տեղագրական կենտրոնը:
Երբ հիշում ես հին Երևանը, առաջինը, որ փռվում է հիշողությանդ լուսարձակի տակ, դա Ղանթարն է և նրա ղանթարական «հարստությունները»:
Այդ այն է, ինչ Աբովյանի օրերին կոչվել է «չարսու բազար», որի մասին անմոռանալի էջեր է թողել անհայտ ճանապարհորդ Ջիովանելլին և հայտնի վիպերգակ Ակսել Բակունցը, որդի Ստեփանի, ի գեղջեն Գորիս:
Սակայն այն, ինչին վերահասու եղավ իմ սերունդը, ամենևին նման չէր իտալացի վանական, անհայտ ճանապարհորդ Անտոնիո Ջիովանելլու նկարագրած կախարդական չարսու բազարին:
Դեռ 1840 թվին անհետացել էին և չարսու բազարի բակում շրջող սիրանարգերն ու դրախտային թռչունները, շատրվանն ու նման հազար ու մի հրաշալիքներ:
Մի դար հետո, Ակսել Բակունցի նկարագրությամբ «…մնում էին անհուն հարստությունը վկայող բազմաթիվ կիսախարխուլ կրպակներ, որոնց մի մասն իսպառ քանդել էին ռուսները և աղյուսներն օգտագործել բերդի նոր զորանոցի համար…»:
Ինչին, որ հասավ իմ սերունդը, դա ոչնչով նման չէր ոչ իտալացի ճանապարհորդի տեսած, ոչ գորիսեցի վիպերգակի նկարագրած չարսու բազարին: Սակայն արդարության դեմ մեղանչած կլինեինք, եթե ուրանայինք, որ Ղանթարն է հին Երևանի ամենահիշարժան և տեսարժան վայրը:

Երգ երկրորդ. Ակսել Բակունցի հետ

Նրա հետ հաճախ մենք լինում էինք այս վայրերում և գնում Կապույտ մզկիթի զովասուն բակը «պարսկական թեյ» խմելու:
— Երևան, չարսու բազար,- ասում էր նա ու նայում շուրջը,- կարող ես պատկերացնել, թե ի՞նչ կլինեն այս վայրերը 50-60-ական թվականներին,- ասում էր, մտածում ու եզրափակում,- չես ճանաչի:
— Աբովյանը եղել է այս տեղերում,- շարունակում էր բարձրաձայն մտածել նա,- հարյուր տարի է անցել: Բայց եթե այսօր նա հրաշքով անցներ այս տեղով, նա չէր զարմանա, կճանաչեր հին վայրերը: Բայց ահա` 50-60 թվերին, այս ամենը, ինչ տեսնում ես, հիշողություն կդառնա, հե-ռու~ հիշողություն…
Ու ժպտում էր իր կապույտ, հստակ աչքերով:
Հե-ռու~ հիշողություն:
Շոգ է, երևանյան ամառնային այրող արև: Փոշու միջով քայլում ենք, ինչպես ձմռան ձյուների միջով: Նա ոտքը խփում է մի քարի ու շարժում տեղից.
— Գուցե Աբովյանի ոտն էլ է կպել էս քարին: Իսկ 50-60 թվերին դու չես տեսնի մի քար, որին կպած լինեն մեր ոտները: Չես գտնի:
Նա ժպտում էր իր խոհերին, ինքն իրեն և կրկնում.
— Երևան, չարսու բազար…

Երգ երրորդ. «Հե-ռու հիշողություն»

Ես չեմ ուզում կրկնել այն, ինչ նկարագրել եմ իմ «Երիտասարդության սեմին» գրում` Ղանթարի մասին: Ես այնտեղ նկարագրել եմ, այսպես կոչվող, նախահեղափոխական Ղանթարը, այն Ղանթարը, որը գոյություն ուներ մինչև 1920 թվականը:
Բայց չէ՞ որ Ղանթարը պահեց իր գոյությունը դեռ երկար տարիներ: Երևանի տժվժիկն ու Վանի ժաժիկը դեռ երկար տարիներ դիմացան, ու Ղանթարը երկար տարիներ հպարտանում էր թե մեկով, թե մյուսով: Բայց փոխվել էին ժամանակները: Կոոպերացիան, պետական առևտուրը քայլ առ քայլ առաջանում էին, ուժեղանում, մասնավորը նահանջում էր ու թուլանում:
Այնտեղ՝ մանկական զբոսայգու հյուսիսային կողմում, որտեղ այժմ կանգնած է «Արարատ» տրեստի բնակելի շենքը, կամ հենց այնտեղ, ուր մանկական հրապարակն է և կարուսելը, մանր խանութներ էին, ուր ապաստանել էին չթավաճառներն ու մանր առևտրականները:
Նրանք անգործությունից ու ձանձրույթից մոտենում էին իրար և [անընթեռն. ] դեմքով ուրախ կատակում.
— Ախանես աղա՞, առուտուր անելով մեռար, չերթա՞նք մի փարթի նարդի խաղանք:
— Ռուբեն աղա, էսպես որ էրթա գործը, Աֆրիկով կդառնաս ու մեզ էլ բարև չես տա…
Ղանթարի շուրջը չէին թափառում այլևս անապաստան մանուկները: Նրանք տեղավորված էին պետական մանկատներում:
Մինչև 20 թվականը «սպեկուլյանտ» կոչումը պաշտոնի պես բան էր.
— Քո մարդը ի՞նչ գործի է, տիկին Սաթենիկ:
— Հարկային տեսուչ:
— Հարկային տեսո՞ւչ,- արհամարհանքով ասում էր խոսակիցը,- էլ գործ չի՞ գտել: Իմ Սետրակը սպեկուլյանտ է:
Քսան թվից հետո «սպեկուլյանտ»-ը դարձավ, նախ թեթև, միջին և ի վերջո` ծանր հայհոյական խոսք:
Մի օր էլ լուր տարածվեց, որ Ղանթարն իր շրջակա ղանթարական խանութներով և հողերով ընկել է «պլանի տակ»:
— Լավ,- հարցրեց Ախանես աղան Փանոս աղային, երբ երեկոյան փակում էին խանութները,- ապա մասնավոր առևտրականները ո՞նց պիտի գործ անեն:
— Մասնավորները գործ չպիտի անեն,- պատասխանեց Փանոս աղան,- մասնավոր առուտուրը պիտի վերջանա:
Ախանես աղան նայեց իր խոսակցին և խորին համոզմունքով առարկեց.
— Առանց մասնավոր առուտուրի պետություն չի լինի:
— Կլինի,- մռմռաց Փանոս աղան և երկուսն էլ լռեցին:

Երգ չորրորդ. Վիլյամ Սարոյանի հետ

Առաջին հնգամյակի վերջերին Երևան էր եկել դեռ երիտասարդ ամերիկյան գրող Վիլյամ Սարոյանը: Մենք գնում էինք Կապույտ մզկիթ թեյ խմելու: Ղանթարն ապրում էր իր վերջալույսը:
Մեր ճանապարհը կտրեց մի գյուղացի իր ավանակով:
— Այս էշը ես եմ,- ասաց Սարոյանն իր անգլերենանման հայերենով:
— Ինչու՞,- զարմացա ես:
— Իմ հայրս միշտ ինձի կըսեր,- երբ մեծանաս, էշ պիտի դառնաս,- եղավ պատասխանը:
Վիլյամ Սարոյանը այլևս Երևան չի եկել: Եթե հիմա գա, հազիվ թե հիշի իր հորը:
Այո, եթե այսօր Երևանի փողոցներում ավանակի հանդիպես, բռնիր և հանձնիր միլիցիային: Միլիցիան կհանձնի իր օրինական տիրոջը` կենդանաբանական այգու տեսչությանը…

Երգ հինգերորդ. Մկրտիչ Արմենի ահազանգը

«Մեռնում է հին, դարավոր Երևանը»,- ահազանգեց արձակագիր Մկրտիչ Արմենը դեռ 1931 թվականին իր «Երևան» վեպում:
Եվ ի՞նչ էր այդ հին Երևանը,- հողաշեն տներ` տափակ կտուրներով, գավառական փոշի, գավառական ձանձրույթ:
Եվ ինչ էր այդ հին Երևանը,- նեղ, ծուռումուռ քուչաներ, ռուսական եկեղեցի, պարսկական բաղնիք ու չայխանա, հայկական [անընթեռն. ] ու թեմական քաշքշուկ…
Երևան բաղ եմ արել…
Սովետական կարգերը թև տվին հանճարեղ ճարտարապետին ու աշխարհ եկավ նոր թամանյան Երևանը:
Աշխարհ եկավ և սկսեց աճել Սասունցի Դավիթի նման, արագ, տիրական, ամուր: Երևանը դուրս եկավ իր ափերից, ասպատակեց բլուրները…[անընթեռն. ] վերածեց Արաբկիրը, Շահումյանը, Նոր Արեշը, Քանաքեռը…
Հին Երևանը, որն Արմենի գրքում վառվում է արևելյան ֆանտաստիկ, կախարդական գույներով, այսօր պատմություն է ու ռոմանտիկա: Դրա փոխարեն որոտում է նոր Երևանը` իրական, շոշափելի, տեսանելի և լսելի Երևանը, շքեղ քաղաքամայրը Սովետական Հայաստանի:

Վերջերգ

Գարնանային արևով ողողվել է Երևանը:
Գուցե ոչ մի տեղ գարունն այնպես զգալի չէ, որքան մեր մայրաքաղաքի Կիրովի անվան մանկական զբոսայգում: Եվ այդ հասկանալի է: Մանկությունն ինքը հենց գարունն է, անկախ նրանից, թե գարո՞ւն է, ամա՞ռ, աշո՞ւն է, թե՞ ձմեռ…
Գարունը կրկնակի գարուն է Կիրովի անվան մանկական այգում: Գարուն` գարնան հետ, գարուն` ողողված գարունով, գարուն` գարունված գարուններով:
Եվ ամեն անգամ, երբ առիթ է լինում գրել նոր Երևանի մասին, չես կարող չհիշել հինը…

Share this:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: