Հայաստանը կհերքի բոլորին, Հայաստանի սպառել հնարավոր չէ…. Գրիգոր Գուրզադյան

200600914

Երբ մի անգամ հեռուստահարցազրույցի խնդրանքով դիմեցի ականավոր աստղաֆիզիկոս Գրիգոր Գուրզադյանին, նա այսպես պատասխանեց. «Երբ ես տեսնում եմ հեռուստատեսությամբ խոսող որևէ գլուխ, փառք եմ տալիս Աստծուն, որ դա իմ գլուխը չէ և ինչ լավ է,

որ այդ խցիկները ինձ չեն նկարահանել»։ Բայց օրեր հետո ես, այնուամենայնիվ, երեսս պնդացրի որքան կարող էի և գնացի Գառնու իր աշխատասենյակը։ Ես այդպիսի աշխատանքային սենյակ երբեք չէի տեսել՝ հատակից մինչև առաստաղ թղթեր, գծապատկերներ, ահռելի աշխատանքային կույտեր։ Մենք ագահաբար նկարեցինք այդ զարմանահրաշ կադրերը, և քիչ անց նա շրջվեց դեպի մեզ և ասաց. «Ես ձեզ նկատել էի, դուք նկարահանել եք այն, ինչը ձեզ է պատկանում, այս գործերը ձեր սեփականությունն են, բայց ես՝ երբեք»։ Ասաց ու դուրս եկավ նախկին տիեզերական աստղագիտության ինստիտուտի սառնաշունչ շենքից, որի միակ աշխատողն ու տնօրենն ինքն էր։ Սակայն օրեր անց ես առիթ ունեցա Սիլվա Կապուտիկյանի և մի շատ հայտնի քաղաքական գործչի հետ հայտնվել նրա առանձնատանը և սրտիս ուզածի չափ զրուցել մեր ժամանակի, թերևս, ամենամեծ գիտնականի հետ։ Այդ զրույցները պիտի ֆիլմ դառնան մի օր, բայց քանի այդ օրն ուշանում է, որոշեցի այդ զրույցից մի քանի հատված ներկայացնել հատուկ Tert.am–ի ընթերցողներին։

– Ձեր ստեղծած Օրիոն-2 աստղադիտակի հնարավորությունները, կարծեմ, ժամանակին մոտ 200 անգամ գերազանցում էին ուղեծրում գտնվող ամերիկյան կայաններին։ Իսկ այսօր տիեզերագիտության ասպարեզում ո՞ւր հասավ Արևմուտքը և ո՞ւր ենք մենք. նույնիսկ անհեթեթ է համեմատելը։
– Շատ ներողություն, կոսմոսը կոսմոս է, բայց մենք մեր կոսմոսը կարողացանք ստեղծել՝ մեր Օրիոն-2-ը։ Ժամանակակից աշխարհը պատկանում է կոսմոսին։ Ամերիկան սա ամենաշուտն ընկալեց։ Այնտեղ շուտ հասկացան, որ կոսմոսն է բացում նոր մտածողության եզերքը։ Բայց ես, անկեղծ ասեմ, որ Ամերիկան միակ երկիրն էր, որտեղից ես դատարկ վերադարձա, ուր ես բան չգտա նկարելու, նյութեղեն աշխարհ էր, զգալու քիչ բան տվեց ինձ։ Ընդհանրապես, մարդ տեսնում է այն, ինչ զգում է։ Ուր գնացել եմ, միշտ նկարներով եմ վերադարձել, բացի այդ երկրից։ Իմ դիտողականությունը սուր է, ես շատ բաների կարող եմ միանգամից հետևել, բայց ընտրողականություն կա, այն միշտ կանգ է առնում լավ բանի վրա, որտեղ զարգացում, շարժում կա։

– Շատ է խոսվում Ձեր և Վիկտոր Համբարձումյանի գաղափարական առճակատումների մասին։ Ի՞նչ տարաձայնություններ էին դրանք և արդյո՞ք մնացին անհաղթահարելի։

– Ես նրան ասում էի, որ գետնի վրայի աստղադիտարաններն ապագա չունեն։ Երեք մետրանոց հայելիով տելեսկոպն է՛լ ի՞նչ կարող է տալ ժամանակակից գիտությանը։ Ամերիկայում և Եվրոպայում Բյուրականի պես աստղադիտարանները վաղուց փակվել էին. գետնի վրա մի քանի աստղադիտարան է մնացել, այն էլ գերգիգանտ տելեսկոպներով։ Ընդհանրապես, աստղադիտարանները շուտ են հնանում։ Ես հասկանում էի նրա ողբերգությունը, նա չէր կարողանում հաշտվել այն փաստի հետ, որ իր ստեղծած աստղադիտարանն արդեն թանգարան է ընդամենը և հարկ էր կոսմոսում ստեղծել նոր Բյուրականը։ Բայց նա մի անգամ ինձ ասաց, որ մի մարդն ընդամենը մեկ աստղադիտարան կարող է ստեղծել իր կյանքում։ Ամեն դեպքում, Համբարձումյանը հզոր անհատականություն էր, ուղղակի նա չմտավ կոսմիկական նոր էպոխա։ Նա մեծ ուսուցիչ էր, դրա համար էլ ես վերջում չէի կարող համաձայնել նրա հետ։

– Եթե չեմ սխալվում, այդ տարաձայնություններով անգամ Կենտկոմն էր զբաղվում, ասում են՝ Կարեն Սերոբիչն էլ անձամբ միջամտել է։

– Դուք, երևի, լավ չգիտեք, թե ով էր Կարեն Դեմիրճյանը և որքան ջանքեր է նա ներդրել, որ Գառնու այս կոսմիկական կենտրոնը կայանա։ Մի անգամ Կարեն Դեմիրճյանն ինձ կանչեց Կենտկոմ և ասաց. «Լսել եմ, քեզ ստիպել են պարտիական դառնալ։ Էդպիսի ապուշություն չանես, մենք խրվել ենք, բոլ է։ Դու միայն քո գործով զբաղվիր, քեզ ինչ պետք է, ամեն հարցով քեզ կօգնենք»։ Նա այն պետական գործիչն էր, որ շատ լավ էր հասկանում կառավարման դատարկամիտ այդ սիստեմի էությունը, բայց ստիպված էր երկակի խաղ խաղալ, որովհետև նրա ուշքումիտքը Հայաստանը բարձրացնելն էր, արժեքներ ստեղծելը։ Նա ընդգծված վերաբերմունք ուներ գիտության հանդեպ և լավ գիտեր, որ զարգանում են միայն այն երկրները, որոնք հզոր գիտական նվաճումներ ունեն։
– Պարոն Գուրզադյան, իսկ Կրեմլը Ձեզ երբևէ չի՞ ցանկացել ներքաշել, այսպես կոչված, ռազմական թեմաների մեջ։

– Ես միշտ մերժում էի ռազմական թեմաները, և դիվանագիտական հրաշալի պատասխան էի հորինել դրա համար. Ասում էի՝ «Այդ ասպարեզում այնքան շատ են խելոքները, որ իմ չլինելով ոչինչ էլ չի պակասի»։ Շատ եմ ափսոսում, որ այդ գիգանտ Կորոլյովը մահացավ դեռ վաթսունին էլ չհասած։ Նա մի ամբողջ էպոխա էր։ Նա ինձ ասում էր. «Գրիգոր Արամիչ, մենք ազնիվ նպատակով շրջելու ենք այս երկիրը»։ Ես շատ ծանր տարա նրա մահը, մեր հարաբերությունները շատ ջերմ էին։ Նրա մահից հետո Վիկտոր Համբարձումյանն ինձ կանչեց, թե խոսելու կարևոր բան կա։ Իսկ Համբարձումյանը միշտ ամենակարևորի մասին լռում էր։ Բայց նա Կորոլյովի հանդեպ բացառիկ հարգանք ուներ, սա ընդգծում եմ, որովհետև նա գիտեր արհամարհել, ամեն ակադեմիկոս իր համար ակադեմիկոս չէր։ Ինչևէ։ Եվ նա ինձ ասաց. «Իսկ գիտեի՞ք, որ Կորոլյովը Ձեզ պատրաստվում էր տանել Մոսկվա՝ որպես իր առաջին տեղակալ»։ Փաստորեն, նրանք հանդիպել էին ակադեմիայի տարեկան ժողովին, և Կորոլյովը Համբարձումյանին ասել էր, որ ամբողջ կոսմիկականը որոշել էր դնել իմ պատասխանատվության տակ, որովհետև հայկական կոսմիկական ուղղությունը բոլորովին ուրիշ ուղղություն էր և շատ էր պետք երկրին։ Բայց այստեղ ամենահետաքրքիրը Համբարձումյանի պատասխանն էր եղել։ Նա ասել էր, որ Գուրզադյանը ոչ մի գնով չի լքի Հայաստանը։

–Իսկ ի՞նչն է պատճառը, որ հազվադեպ եք հարցազրույցներ տալիս, խուսափում եք լրագրողներից, բայց չէ՞ որ այս ամենը պետք է հանձնել մյուս սերնդին՝ կենսափորձ, փիլիսոփայություն … Ապրում եք մարդկանցից հեռու, այս մենավոր տանը…

– Գիտե՞ք, գաղափարները տառապանքից են ծնվում։ Իսկ առանց գաղափարների կյանքն ուղղակի չկա։ Նյուտոնը ռեակտիվ ուժի գաղափարը ծնեց, բայց երեք հարյուր տարի պահանջվեց, մինչև նրա գաղափարը «ռակետա» դարձնեն։ Իսկ Նյուտոնը գիտեր, որ այդ օրը գալու է, նա գաղափարը տվել էր և իր դղյակում խաղաղ նստած սպասում էր, որ մարդկությունը հասնի այդ գաղափարին։

Ես մի բան հիշեցի, մի անգամ Կրեմլից զանգեցին, ասացին. «Ֆիլմ պիտի նկարահանվի Ձեր մասին»։ Իսկ ես այն ժամանակ էլ դեմ էի այդպիսի ցուցադրական բաների, բայց քանի որ ասացին, որ կնկարահանեն երեք ամիս հետո, ես շատ չտխրեցի, ավելին, մի լավ հռհռացի՝ մտածելով, որ երեք ամիս անց կամ էշը կսատկի, կամ իշատերը։ Բայց սրանք, հակառակի պես, ճիշտ ժամանակին եկան, ազնվորեն եմ ասում՝ ես անգամ չնայեցի էլ այդ ֆիլմը, բայց մարդիկ ասում էին, որ ահագին հետաքրքիր ֆիլմ էր ստացվել։ Բայց ես ոչ թե ուրախացա, որ այդպիսի ֆիլմ է ստացվել, այլ այն պատճառով, որ սա էլ վերջացավ, էլ չեն գա, անցավ։ Ամեն դեպքում, նրանք ինձ մի շատ հետաքրքիր հարց տվեցին, ասացին՝ «Ինչպե՞ս է հնարավոր Ձեր կոսմիկական իդեալների պարագայում այսպիսի բնանկարներ նկարել և չտրվել աբստրակտ նկարչությանը»։

– Իսկապես, շատ հետաքրքիր հարց. իսկ Դուք ի՞նչ պատասխանեցիք։

– Ես նրանց չասացի, իհարկե, որ ես նաև աբստրակտ եմ նկարում, քանի որ այդ գործերը ես ցույց չեմ տալիս ոչ մեկին։ Իսկ պատկերածս բնանկար է, որովհետև կոսմոսը տեղով մեկ մի մեծ աբստրակցիա է և ուզում ես ծառ ես ուզում, ջուր, սար։ Նկարչության նկատմամբ իմ վերաբերմունքը շատ լուրջ է, ես նկարում եմ շատ արագ, բայց երկար եմ ստեղծում այդ նկարը։ Պետք է իդեան լինի, կերպը պետք գտնվի։ Այստեղ բնությունից ոչ մի արտանկարված բան չկա, թվում է՝ ինչ է, կակաչ, լեռ, բայց դա ամենևին էլ կակաչ կամ լեռ չէ, կամ այլ կակաչ ու լեռ է։ Ես Եղեռնի մասին մի շարք ստեղծեցի, էլի բոլորովին այլ մոտեցմամբ։ Այստեղ կախել էի, բայց եղբայրս եկավ ու ինձ ասաց, թե իրարից հեռացրու, տագնապ կա։ Այո, ես Եղեռնի իմ մեկնաբանությունն ունեի, և դա այն հյուծված մարմինների ու խեղված ֆիգուրների ավանդական տարածությունը չէր. կար սուր տագնապ, խորքից գալիս էր այդ ձայնը, եղբայրս ճիշտ էր։

– Մենք նրա ներսում ենք, ինչպես երևում է՝ կարող ենք նաև այն ծակել և դուրս թափվել նրա միջից։ Բայց Ձեր տիեզերական հայացքը, նետված նրա վրա, ավելի ստույգ կասի, թե ո՞վ է այսօր Հայաստանը։

– Հայաստանը կհերիքի բոլորին, Հայաստանը սպառել հնարավոր չէ (Ցույց է տալիս իր նկարները և սեղանի շուրջ նստածներին)։ Սա է Հայաստանը։ Վերջին տարիների մեր այս դեպրեսիան վտանգավոր է. ես չեմ մոռանում պատմությունը, և եկել եմ այս հետևության. հայ ժողովուրդը հազարամյակներ առաջ պատմական մարաթոնի էր դուրս եկել շումերների, բաբելոնացիների, աքքադների, խեթերի հետ,և երբ շրջվում ես, նրանք չկան, սա կնշանակի, որ մեր լինելու ժամանակն էլ անսահմանափակ չէ, մենք մեզ անմահացնելու պատճառ չունենք։ Երբ Ռիչարդ Հովհաննիսյանն իր ահռելի երկհատորյակն ինձ ուղարկեց անգլերենով, ես օրուգիշեր զբաղված էի դրանով, 18 քարտեզ էր տպագրված, անընդհատ նայում, հաշվում էի. վերջում մի տեսակ չարություն մտավ մեջս, խնամքով չափեցի, թե քանի անգամ ենք փոքրացել, և սա ամենադաժան միտքն է, որ ինձ երբևէ այցելել է. ինչևէ։ Հայաստանի քարտեզը երբեք այսքան փոքր չի եղել, բայց մտածելու, գաղափարներ ստեղծելու գենային ընդունակությունները ոչ մի կապ չունեն փոքր կամ մեծ աշխարհագրություն զբաղեցնելու հետ։
– Ինչի՞ց է պետք զգուշանալ, ի՞նչը կամ ո՞վ մեզ կուտի։

– Պիտի սովորենք մեզ կառավարել և չափավորել։ Մենք մնացել ենք մի ափ ժողովուրդ, դրսում ավելի շատ ենք, քան՝ ներսում։ Սա շատ վտանգավոր է, հավատացեք։ Մեր բնությունն այնպիսին է, որ մենք չպիտի ապավինենք օտարին, չպիտի աշխարհով շատ գայթակղվենք, մենք պիտի նմանվենք միայն մեզ։ Այսօր շատ ենք հեռացել մեզնից, պիտի կրկին գանք մեր կերպարին։ Պատմության բեմին մնալու ուրիշ կերպ հայը չունի։ Ես մտածողության կորուստ եմ տեսնում այսօր, այն խորության մեջ, ինչպես հելլենական հույներն էին սովորեցնում աշխարհին։ Տեսեք, ինձ հանգիստ չէր տալիս այն միտքը, թե ինչպես կարող էին մեր ճարտարապետները չիմանալ հելլենական ճարտարապետության մասին։ Եվ ես մեկ-մեկ քրքրեցի ամեն հնարավոր բան և հայկական ճարտարապետության մեջ, վերջապես, գտա իմ փնտրած հելլենական հետքերը։ Մերոնք հրաշալի էլ իմացել են այդ ճարտարապետությունը, բայց ստեղծել են իրենցը։ Ստեղծել ենք ինքնուրույն ճարտարապետություն։

– Ձեր նշած քաղաքակրթությունների ավարտն էլ մի ոմն է նախապատրաստել, ցեղերի համատարած խելագարություններ, կարծես թե, չեն լինում, չէ՞։

– Պարաշյուտիստի օրինակն եմ ուզում բերել. երբ նա մի անգամ սխալվում է, իր կյանքով է հատուցում դրա համար։ Սա ինչո՞ւ չի դառնում պետական դրվածք, կեցվածք, որ անշնորհք մարդը վախենա մոտենալ պետական ապարատին։ Տեսեք, պարաշյուտիստը ամեն անգամ աշխատանքի գնալիս մի վերջին հայացք է նետում իր երեխաների, իր կնոջ վրա, չգիտի ո՞ղջ կմնա, թե՞ ոչ։ Մենք չենք սովորել խոշոր, չափազանց ուժեղ իրադարձություններից հետևություններ անել և դարձնել կյանքի նորմ, գործելու չափանիշ։ Եթե այդպես վարվենք, ինչպես այդ պարաշյուտիստը, ապա այսպես չի լինի, հավատացեք։ Ես տեսել եմ մարդու, ով 5 հազար թռիչք է ունեցել, ուրեմն նա և ոչ մի անգամ չի սխալվել։ Եվ գիտե՞ք նա ինչ խաղաղ դեմք ուներ։ Հանդիպում կա, որ դաս է, դպրոց. այդ հանդիպումներից գլուխդ կախ ես միշտ վերադառնում, այդ մարդ-իրադարձությունները ստիպում են քեզ լռել, մտածել։ Ես կաշկանդվել եմ, պապանձվել եմ, երբ Վիլյամ Սարոյանի հետ եմ եղել։ Ես տարիներ շարունակ մնացել եմ այդ զրույցի մեջ։ Երբ Կորոլյովը, Կելդիշը հեռացան կյանքից, ես ամայացա։

– Երկար ապրեք, որովհետև իմ կյանքի ամենաերջանիկ զրույցն էլ, թերևս, սա էր, խոնարհվում եմ Ձեր առջև …

Հարցազրույցը՝ Վարդուհի Սիմոնյանի

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: