Վիկտոր Համբուրձումյանի կտակը

Ինձ հաջորդող սերունդներին, թոռներիս, ծոռներիս և այլն, կտակում եմ տի­րա­պե­տել հա­յոց լեզվին: Ամեն մեկը պետք է իր պարտքը համարի ուսումնասիրել հայոց լե­զուն, գրա­գետ լինի հայերեն, անկախ նրանից ինչպիսի տոկոս է կազմում նրա մեջ հայկական արյունը: Այդ տոկոսը ոչինչ չի նշանակում: Մենք փոխանցում ենք սերունդներին ոչ թե արյուն, այլ գաղափարներ և գա­ղա­փար­նե­րի մեջ ինձ համար ամենաթանկը  հայոց լեզուն է:
Այդ կապակցությամբ յուրաքանչյուր սերունդ պարտավոր է սովորեցնել հաջորդին հա­յոց լեզվին:

Գիտեցեք, որ իմ կյանքի ամենամեծ երջանկությունը եղել է և կմնա, քանի ապ­րում եմ,հայոց լեզվին տիրապետելը:

Ցանկանում եմ երջանկություն բոլորիդ: Դա նշանակում է, որ պետք է լավ տիրապետել հայոց լեզվին:

29. 08․ 1994 թ․

Աղբյուրը` http://www.lezu.am/?p=223

Մաթևոսյանը Համբարձումյանի մասին

3

Նրանք մեր հիշողությունն են, նա մեր ընդհանրական հիշողությունն էր:
Այդպես է: Գալիս է մի Հովհաննես Թումանյան, և ազգը ժամանակների հեռվում ճանաչում է իր Նարեկացուն: Գալիս է մի Մարտիրոս Սարյան, և ազգը Ռոսլին ու նկարչություն է հիշում: Մի Վիկտոր Համբարձումյան է գալիս, և մեր հայացքները երկինքին են դառնում և մահկանացուի մեր խեղճուկրակ խրճիթում, որ մեր միտքն ու մարմինն է, մենք ժամանակներ ու տարածություններ ենք բացում:
Մեր կյանքը նրանք են կերտում՝ այդ մեծերը: Հայրենիքներ մեզ նրանք են շնորհում՝ այդ իրավ մեծերը: Մենք նրանց աշխարհի բնակիչներն ենք: Նրանց բացած հայրենիքներում մենք ապրում ենք իրենցից իսկ մեզ շնորհված բարձր ու շիտակ մեր կերպարներով:
Վիկտոր Համբարձումյանը գիտությունը հայացրեց, և աշխարհին պարտադրեց մեր այդ կերպարը՝ կարելությամբ ու խոյանքով լեցուն հայ մարդու կերպարը:
Նա մեզ հարաբերեց քսաներորդ դարի հետ, և քսանմեկերորդ դարի այսօրվա մեր հույսը սնվում է դարձյալ իր երեկվա կենդանի՝ որպես համաշխարհային գիտություն՝ ներկայությամբ:
Առանց մեծերի դժվար է, առանց հույսի՝ անհնար: Եվ հուսանք, որ զորելու ենք ուղի անել Վիկտոր Համբարձումյան մեծ աստղի լուսե խոյացման շքեղ ծիրը:
Նրանց բարձր ներկայությամբ հայրենիքների առաստաղները երկինքներն են լինում, նրանց մեծ բացակայությամբ երկինքները չպետք է իջնեն – նրանց աշխարհի բնակիչների մեր ուղիղ պարտականությունն է:

 Հրանտ Մաթևոսյան

Աղբյուրը` hrantmatevossian.org