Իսկ որտե՞ղ է Համբարձումյանի ձեռնափայտը…

[ 2009/12/16 | 18:10 ]մշակույթ

16_12-V-HambardzumyanՎիկտոր Համբարձումյանին ճանաչած մարդիկ գիտնականի արձանին լրացումներ են անում հիշողությամբ

«20-րդ դարը շարժման դար է, իսկ Վիկտոր Համբարձումյանն այդ դարի մեծագույն գիտնականն է»,- նկատում է քանդակագործ Տարիել Հակոբյանը և ավելացնում, որ այս հանգամանքը հաշվի առնելով է ինքը կերտել «շարժման» կամ նույն է թե «քայլող» արձան:

Վիկտոր Համբարձումյանի «քայլող» արձանը տեղադրվեց Ալեքսանդր Թամանյանի կառուցած աստղադիտարանի հարևանությամբ` ազգային գրադարանին հարակից պուրակում, որն այսուհետ կրելու է գիտնականի անունը:

Երեկ արձանի հանդիսավոր բացումը` երկրի նախագահի և հոգևոր հայրերի ներկայությամբ, ներկայացվեց որպես գիտնականի 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների վերջին փուլ: Քանդակագործը` Տարիել Հակոբյանը, նշեց, որ ինքն ամեն ինչ արել է Վիկտոր Համբարձումյանին արժանի արվեստի գործ ստանալու համար, իսկ թե որքանով է դա հաջողվել, թող դատեն ուրիշները:

Սպիտակ սավանն իջեցնելուց հետո ծափեր, բնականաբար, հչեցին, միայն թե դրան հաջորդած քննարկումներից չէր կարելի եզրակացնել, թե արձանը դուր էր եկել հավաքվածներին: «Իսկ որտե՞ղ է Համբարձումյանի ձեռնափայտը. հիշո՞ւմ ես միշտ այդ ձեռնափայտով էր»,- հարցրեց կողքիս կանգնած երկու տարեց մարդկանցից մեկը մյուսին: Մի քանի հոգի էլ քննարկում էին գիտնականի փողկապը և ոչ մի կերպ չէին կարողանում հիշել` Համբարձումյանը փողկապ կապո՞ւմ էր, թե՞ ոչ:

«Շատ հանդիսավոր է ստացվել. փողկապո՜վ, ձեռքերը մեջքին դրա՜ծ…Գիտնականն այդպիսին չէր: Փոքր-մոքր, համեստ մարդ էր. փողոցով քայլում էր բոլորի նման»,- լսեցի այդ խոսակցությունից:

Այս մարդկանց կարծիքները Վիկտոր Համբարձումյանի մասին ինձ համար նորություն չէին: Հիշեցի, որ նույնիսկ տեսել եմ մի քանդակ` նրանց հիշած ձեռնափայտով… Դա քանդակագործ Խաչատուր Իսկանդարյանի արվեստանոցում էր, որտեղ գտնվում էի բոլորովին այլ քանդակի առիթով: Բազմաթիվ քանդակների մեջ հանարավոր չէր չնկատել, որ 86-ամյա քանդակագործն ինչ-որ ժամանակ որևէ առիթով կամ գուցե և առանց առիթի կենտրոնացած է եղել գիտնականի կերպարը ստանալու վրա:

16_12-V-Hambardzumyan1Իսկանդարյանը պատմեց, թե ինչպես է ծանոթացել Վիկտոր Համբարձումյանի հետ. «Համբարձումյանի գլխաքանդակը պետական պատվեր էր ու տեղադրվեց նրա ծննդավայրում` Վարդենիսում: Էսքիզներ անելու համար գնացի ակադեմիա, քարտուղարուհուն ասացի, որ ուզում եմ տեսնել Համբարձումյանին: Երբ քարտուղարուհին տեղեկացրեց և ինձ ներս հրավիրեց, Վիկտոր Համազասպովիչն արդեն հասել էր դռան մոտ` ինձ դիմավորելու: Նման բան ոչ ոք չէր անում: Չե՞ք տեսել` գրասենյակում նստող մարդիկ ինչպիսին են: Մեկի մոտ մտնում ես, գլուխը չի էլ բարձրացնում, ու հազիվ նման բաներ կլսես .«Հա՜, դո՞ւ ես, ինչի՞ համար ես եկել»: Իսկ Համբարձումյանը բռնեց ձեռքիցս, տարավ, նստեցրեց իր կողքին ու հարցրեց, թե ինչպես եմ պատրաստվում աշխատել իր հետ»:

Հենց այդ օրն էլ պայմանավորվում են, որից հետո Համբարձումյանը 3-4 անգամ  այցելում է քանդակագործ Խաչատուր Իսկանդարյանի արվեստանոց: «Ոչ մի անգամ չուշացավ պայմանավորված ժամից: Նստում էր, և´ զրուցում էինք, և´ քանդակում էի»,- հիշում է քանդակագործը:

Այդ հանդիպումներից օգտվելով` Իսկանդարյանը գլխաքանդակից բացի հասցրել է անել նաև մի քանի մանրաքանդակներ, որոնցում գիտնականից անբաժան է նրա ձեռնափայտը: Փաստորեն, այն, որի մասին հիշեցին արձանի բացմանը հավաքվածները:

Համբարձումյանի այցելություններից քանդակագործը լավ է հիշում հատկապես այս դեպքը. «Մի օր էլ եկավ, իջավ մեքենայից, ու երբ ընդառաջ գնացի, ասաց` Խաչատուր ջան, այսօր չեմ կարող. Ֆրանսիայից հյուրեր ունեմ, պիտի անմիջապես հետ գնամ: Կներես»: Իսկանդարյանը համոզված է, որ «ուրիշ մեկը, Համբարձումյանի բարձունքներին հասած լինելով, այդքան համեստ չէր լինի. ո´չ կգար, ո´չ էլ կզանգեր: Ամենաշատը վարորդի միջոցով կփոխանցեր ասելիքը»:

Տաթև Մադաթյան

— See more at: http://old.hetq.am/am/culture/v-hambardzumyan/#sthash.Dvoj3QrL.dpuf

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: