Կոմիտաս

220px-Komitas

Ճանապարհ

Բարակ ուղին սողալով,
Ոտի տակին դողալով,
Ճամփի ծայրին բուսել է
Կյանքի ծառը շողալով։

Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի
Այս ճանապարհն Անհունի․․․
Մարդու, բույսի, գազանի
Եվ թևավոր թռչունի

Սողոմոն Սողոմոնյանը ծնվել է 1869 թվականի սեպտեմբերի 26-ին (նոր օրացույցով՝ հոկտեմբերի 8-ին) Փոքր Ասիայի Քյոթահիա քաղաքում։ Մկրտվել է ծնունդից երեք օր անց Սբ. Թեոդորոս եկեղեցում և ստացել Սողոմոն անունը։Հայրը Գևորգ Սողոմոնյանն էր, մասնագիտությամբ՝ կոշկակար, որի ընտանիքը գաղթել էր Նախիջևանի Գողթն գավառի Ցղնա գյուղից, իսկ մայրը՝ Թագուհի Հովհաննիսյանը, արմատներով Բուրսայից էր, և երբ տղան ծնվեց, նա ընդամենը 16 տարեկան էր։ Սողոմոնը նրանց միակ զավակն էր։ Երկուսն էլ մեծ սեր ունեին երաժշտության նկատմամբ։ Տանը խոսում էին միայն թուրքերեն։ Երբ Կոմիտասը ընդամենը 6 ամսական էր, նրա մայրը մահացավ, իսկ տասը տարեկանում տղան կորցրեց նաև հորը։ Դրանից հետո նրան սկսում է դաստիարակել հորական տատը՝ Մարիամը, որը նրա համար եղել է երկրորդ մայր; Մոր մահը խորը վերք էր թողել Սողոմոնի հոգում, և նրա առաջին ստեղծագործությունները նվիրված էին հենց նրան։

1875 թվականին փոքրիկ Սողոմոնն ընդունվեց իրենց քաղաքի միջնակարգ ուսումնարան, որն ավարտեց 1880 թվականին և հոր նախաձեռնությամբ մեկնեց Բուրսա քաղաք ուսումը շարունակելու։ Նա վերադարձավ հայրենի քաղաք հոր մահվանից 4 ամիս անց։ Կոմիտասի մանկության ընկերը նրան բնութագրում էր որպես «գրեթե անօթևան». նա լիովին զրկվեց ծնողական խնամքից՝ դառնալով հոգեպես խոցելի, ինչը ևս դարձավ տարիներ հետո նրա մոտ ի հայտ եկած հիվանդության պատճառ։

Սողոմոնի կյանքում շրջադարձային էր 1881 թվականը։ Սեպտեմբերին 12-ամյա Սողոմոնը Քյոթահիայի հոգևոր առաջնորդ Գևորգ վարդապետ Դերձակյանի հետ մեկնում է Էջմիածին։ Գևորգ Դ Կաթողիկոսը հրահանգել էր, որպեսզի Գևորգ վարդապետը իր հետ Քյոթահիայից մի որբ աշակերտ բերի։ 20 երեխաների միջև վիճակահանության արդյունքում բախտը ժպտաց Սողոմոնին։ Հոկտեմբերի 1-ին Սողոմոնը ներկայացավ կաթողիկոսին։ Վերջինս սկսեց խոսել հայերեն և տղան ոչինչ չհասկացավ։ Երբ կաթողիկոսն ասաց, որ տղան այդտեղ անելիք չունի, քանի որ չգիտի հայերեն, Սողոմոնը պատասխանեց, թե եկել է սովորելու ու երգեց. «Լույս Զվարթ» երգելիս Սողոմոնը նկատեց, թե ինչպես կաթողիկոսի աչքերից արցունքներ գլորվեցին և թավալվելով ճերմակ մորուսի վրայով՝ կորան վերարկուի ծալքերի մեջ։ Տղան արդեն Գևորգյան ճեմարանի ուսանող էր։ Այնտեղ նա վերջապես հոգևոր խաղաղություն գտավ։

1881-1910 թվականներին Սողոմոնը մեծամասամբ եղել է Էջմիածնում, չնայած երկար ժամանակ է անցկացրել Եվրոպայում։ Ճեմարանում ուսուցման առաջին տարում նա սովորեց հայան ձայնանիշերը՝ խազեր, որոնք զարգացվել էին 19-րդ դարում Համբարձում Լիմոնջյանի և նրա ուսանողների կողմից։ Սողոմոնը բացահայտեց երաժշտության նկատմամբ իր մեծ սերը և սկսեց ձայնագրել Էջմիածնի շրջակայքի գյուղերում երգվող երգերը. գյուղացիները նրան տվել էին «Նոտայի Վարդապետ» անունը[12]։ Հրաչյա Աճառյանը «Կյանքիս հուշերից» գրքում գրում է[13].

Պատմում են, թե մի օր Կոմիտասը դաշտում մի խնջույքի ժամանակ լսում է էշի զռալը, իսկույն մի թղթի կտոր է վերցնում և սկսում է ձայնագրել. Կոմիտասը էշին հանդիմանում է, թե «Ա’յ ապուշ, սխալ ես զռում, զռալ էլ չգիտես, այդպես չեն զռա»:

Ժամանակակիցների հուշերում

Անձնական նկարագիր․

Միջահասակ, նիհար, ջղուտ և զգայուն, դեմքը դեղնավուն, աչքերը արտահայտիչ և վառվռուն, գլուխը ճաղատ, մորուքը ո՛չ «վարդապետավայել», այլ ծնոտի տակ միայն թողած, այսպես կոչված վագներյան, ինքը արագաքայլ և անհամբեր, միշտ շտապող, միշտ աշխատասեր, կյանքից գոհ, լավատես… Ապրում էր, կարելի է ասել, սպարտական կյանքով, ուտելու մեջ պարզ և չափավոր, չէր խմում ու չէր ծխում. քնում էր գարուն թե ձմեռ բաց պատուհանով և, որ գլխավորն էր, պառկում էր ուղղակի հատակի վրա, առանց ներքնակի և բարձի։ Նոտագրության մեջ մաքրասեր էր, գրում էր գեղեցիկ, իր իսկ տողած թղթերի վրա, այնպես որ նրա ձեռագրերից կարելի էր ուղղակի կլիշե պատրաստել։

Կոմիտաս մեծ ընթերցասեր մըն էր, ուժեղ էր հայոց լեզվի մեջ, և հայոց պատմությունը շատ լավ գիտեր։ Մասնավորապես կկարդար Մովսես Խորենացի և Նարեկացի, իսկ Աբովյանին «Վերք Հայաստանին» կանվաներ իր մասունքը։

Կոմիտաս քաջ պարող մըն ալ էր… Մարդկային բացառիկ առաքինություններու ծով էր։ Չափազանց աշխատասեր, աննկուն կամքի տեր, անկեղծ, բարեհոգի, ընկերասեր, քաղցր ու համեստ՝ ամենուն նկատմամբ։ Մաքրակրոն էր ան և մեծ հայրենասեր մը։ Բացի իր երաժշտական հանճարից, այլ շնորհքներ էլ ուներ. բանաստեղծ էր և ճարտար կոմիկ դերասան։ Վերին աստիճանի սրամիտ, կենսուրախ և պատրաստաբան էր Կոմիտաս և սիված ճեմարանի մեծեն ու փոքրեն։

Կոմիտասի ձայնը մեծ դիապազոն ուներ։ Բեռլին գտնված միջոցին հայ ժողովրդական երգերը անձնապես ցուցադրած համերգեն վերջ, Բեռլինի օպերայի տնօրենը անձամբ կհրավիրե զինքը իբրև օպերայի գլխավոր երգիչ և կխոստանա բացառիկ վճարում։ Կոմիտասը կպատասխանե անոր. «Իմ երգչի կարողությունները մեկ նպատակի միայն կծառայեն, մեծ ժողովուրդիս երգն ու երաժշտությունը ծանոթացնել երաժշտական աշխարհին և ապացուցել, որ հայ ստեղծագործ ժողովուրդը սկզբնական դարերեն ունեցեր է իր ինքնուրույն երգն ու երաժշտությունը»…:

Կոմիտասը չափազանց ուրախ և չափազանց աշխատասեր էր։ Նրա բնավորությունը միալար չէր, նա խիստ դյուրագրգիռ և երբեմն էլ բարկացող էր։ Սակայն նրա բարկությունը նման էր քամիներից քշվող ամպի ծվեններին, որոնց միայն մի վայրկյան է հաջողվում արևի լույսը խափանել, բայց այդ ծվենների արագորեն անցնելուց հետո՝ նորից արև, նորից զվարթություն և նորից ծիծաղ է տիրապետում։ Կոմիտասի զգայուն հոգին տառապում էր ուրիշների վշտերով։ Նա հեռուներում գտնվող իր ընդունակ, բայց չքավոր աշակերտներին օգնում էր հնարավորին չափ։

Կոմիտասը մեր ժողովրդի հպարտությունն է, նրա գործը՝ մեր ազգային անսպառ հարստությունը… Նա հայտնագործել է մեր ազգային երգը, հայկական երաժշտությունը, ազգային մելոսը՝ ինքնուրույն և անաղարտ։ Նա հիմն է դրել ազգային երաժշտական կուլտուրային… Կոմիտասը հայ երգով լույս աշխարհ հանեց դարերի խավարի մեջ կեղեքված ժողովրդի խուլ բողոքն ու ցասումը բռնության, ստրկության դեմ. նրա խեղդված վիշտը, իրավազուրկ կյանքը և պայծառ ապագայի հանդեպ տածած հավատը։

Հարցեր և առաջադրանքներ՝

  •  5-7 նախադասությամբ գրավոր ներկայացրու՝ ինչ իմացար նրա մասին:
  • Կարդա Կոմիտասի բանաստեղծությունները, ընտրիր և սովորիր քեզ հատկապես դուր եկած բանաստեղծություններից մեկը կամ մի քանիսը:
  • Ըստ քո ունեցած նախասիրությունների՝ վերլուծիր, նկարիր, անիմացիոն փոքրիկ տեսանյութ պատրաստիր Կոմիտասի բանաստեղծությունների մոտիվներով:

«Կոմիտաս» նախագծի ամփոփում

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: