Նախ պետք է պարզել, թե սովորողի ի՞նչն ենք գնահատում

Սալմա Խան

Սալմա Խանը մեդիա կրթության աշխարհում ամենահայտնի մանկավարժներից ու դրա տարածողներից մեկն է: Երկու իրողությամբ նա հոգեհարազատ է մեզ: Առաջինը այն է, որ նա ծնունդով Բանգլադեշից է՝ իրական Բանգլադեշից: Երկրորդն այն է, որ նա ընդամենը 37 տարեկան է, բայց հասցրել է հռչակ ձեռք բերել ամբողջ աշխարհում իր հիմնադրած Khan Academy առցանց մեդիա կրթություն տրամադրող, շահույթ չհետապնդող կազմակերպությամբ: 2006 թվականի է հիմնել այդ կազմակերպությունը, բայց իր ղեկավարությամբ ստեղծված 4800 էլեկտրոնային մեդիա դասերը, որոնք հիմնականում մաթեմատիկային և բնագիտական առարկաներին են վերաբերում, արդեն դիտվել են 492 մլն անգամ: Khan Academy-ին ունի 2201162 բաժանորդ, որոնցից մեկն էլ ես եմ, բայց ակտիվ բաժանորդ չեմ, որովհետև մաթեմատիկայով հիմա այնքան էլ հետաքրքրված չեմ: 2012 թվականին ամերիկյան Time շաբաթաթերթը Սալմա Խանին ընդգրկել է աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում:

Ուշագրավ է Սալմա Խանի «Երբեք չեմ ասի իմ որդուն, որ նա խելացի է» հոդվածը այն իմաստով, որ գնահատմանն է վերաբերում: Հոդվածը երրորդ դեմքով եմ թարգմանել, և տեղ տեղ էլ իմ մեկնաբանություններն եմ գրել մգեցված տառերով: Փաստորեն դա ավելի շատ փոխադրություն է, քան թարգմանություն: Այս թարգմանություն-փոխադրությունը ուղարկել եմ Սուսան Մարկոսյանին՝ Դպիր-ում հրապարակելու համար, բայց քանի որ հոկտեմբերի 1-ի սեմինարը գնահատմանն է վերաբերում, շատ կուզենայի, որ նախապես մեր բոլոր դասավանդողները կարդային այն:

 

Ինչու՞ ես երբեք չեմ ասի իմ որդուն, որ նա խելացի է

Փոխադրություն անգլերենից

Հոդվածը հրապարակված է 2014թ օգոստոսի 19-ին «Huffingtonpost» ամերիկյան Էլեկտրոնային պարբերականում

 

Սալմա Խանը գրում է, որ իր 5 տարեկան որդին հենց նոր է սկսել կարդալ: Ամեն երեկո նա նստում է իր որդու մահճակալին, և վերջինս կարդում է իր հոր համար: Փոքրիկ ընթերցողն անխուսափելիորեն նոր ու դժվար ընթերցելի բառերի է հանդիպում: Մի երեկո, օրինակ, այդպիսի բառ էր «երախտագիտորեն»-ը: Մի րոպե տանջվելուց հետո նա ի վերջո կարողացավ կարդալ այն ու հարցրեց իր հորը. «Պա, դու ուրախ չե՞ս, թե ինչպես ես պայքարեցի այդ բառի հետ: Ես զգացի թե ինչպես է իմ ուղեղն աճում»: Այդ պահին հայրը ժպտացել է, քանի որ իր որդին մեկ-երկու բառով արտահայտել է «Մտածելակերպի աճը» տեսության հիմնական միտքը: Բայց որդին պատահաբար չասաց այդ միտքը: Սալման Խանը խոստովանում է, որ հիմա ինքը կյանքի է կոչում այն հետազոտությունը, որով մի քանի տարի զբաղված է եղել և որոշել է գովել իր որդուն ոչ այն ժամանակ, երբ վերջինիս լավ է հաջողվում անել այն, ինչն արդեն սովորել է լավ անել, այլ այն ժամանակ, երբ իր որդին համառորեն իր ուզածին է հասնում դժվարություններ հաղթահարելով: Սալման Խանը անընդհատ ներշնչել է իր որդուն, որ նրա ուղեղը զարգանում է դժվարությունները հաղթահարելու միջոցով: Մարդու մտածելակերպն ուսումնասիրող բնագավառում իր կատարած հետազոտությունների և իր որդու հետ կիրառած փորձերի արդյունքում Սալման Խանը ավելի քան երբևէ համոզված է, որ մտածելակերպի զարգացումը շատ ավելի կարևոր է, քան ցանկացած այլ բան, որը մենք սովորեցնում ենք մարդուն:

Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ ուղեղը մկանի նման է. որքան շատ ես այն գործածում, այնքան շատ է այն աճում: Գիտնականները պարզել են, որ նյարդային հյուսվածքները կազմավորվում ու ավելի են ամրանում, երբ մենք սխալվում ենք դժվարություններ հաղթահարելիս, քան երբ մենք անընդհատ հաջողությամբ կրկնում ենք հեշտ առաջադրանքները: Սա նշանակում է, որ մեր մտածողությունը չի քարանում մի կետում, և դրա զարգացման ամենալավ ձևը այնպիսի առաջադրանքների կատարումն է, երբ պայքարում ենք ու ձախողումներ ունենում: Հենց այս մտքի վրա ետ դառնանք դեպի մեր հայաստանյան իրականությանը ու գիտակցենք, թե մտածելակերպի ինչպիսի դեգրադացիա է տեղի ունենում մեր ավագ դպրոցների սովորողների մոտ, երբ նրանք՝ բարձր թվանշան ստանալու ձգտումով, ստիպված են լինում մի քանի անգամ կրկնել արդեն երեքչորս անգամ ծայրից ծայր լուծված, արված, ստուգված հարցաշարային առաջադրանքները:

Սալմա Խանը նշում է, որ այնուամենայնիվ, ոչ բոլորն են գիտակցում այս ամենը: Սթենֆորդի համալսարանի դոկտոր Քարոլ Դվեքը տասնամյակներ շարունակ ուսումնասիրել է մարդկանց սովորելու և մտածելակերպի զարգացման կապը: Նա պարզել է, որ սովորելը հանգեցնում է երկու տարբեր մտածելակերպի՝ քարացած (ֆիքսված) և աճող: Քարացած (ֆիքսված) մտածելակերպ ձեռք բերած մարդիկ սխալմամբ կարծում են, որ մարդիկ կամ խելացի են, կամ՝ ոչ, և որ խելքը նախապես ֆիքսվում է մարդու գեներով: Աճող մտածելակերպ ձեռք բերած մարդիկ կարծում են, որ ընդունակությունը և խելքը կարելի է զարգացնել ջանքերով, պայքարով ու ձախողումներով: Դվեքը իր հետազոտությունների ընթացքում պարզել է, որ քարացած (ֆիքսված) մտածելակերպով մարդիկ հակված էին իրենց ջանքերն ուղղել այնպիսի առաջադրանքների կատարմանը, ուր հաջողության հասնելու մեծ հավանականություն կար և խուսափում էին այն առաջադրանքներից, որոնց կատարման ընթացքում ստիպված էին լինելու պայքարել, իսկ այդ պայքարը սահմանափակում էր սերտելու իրենց ձգտումը, մինչդեռ, աճող մտածելակերպ ունեցող մարդիկ ընդունում էին մարտահրավերները և հասկանում էին, որ համառությունն ու դժվարությունները հաղթահարելու ջանքերը կարող էին փոխել իրենց ուսման արդյունքը:                        

Այսպիսով, հետազոտությունների արդյունքների բարի լուրն այն է, որ մտածելակերպերը ուսուցանվող են. դրանց կարելի է երկաթի նման կռել:

Դվեքի ու իր գործընկերների հետազոտությունների իրապես հրապուրիչ հետաքրքրությունն այն է, որ նրանք մշակել են այսպես կոչված «Աճող մտածելակերպ զարգացնող միջամտություններ»-ի մեթոդները, որոնք ցույց են տալիս, որ նույնիսկ փոքրիկ փոփոխությունները հաղորդակցության ընթացքում, կամ էլ՝ չնչին ու անմեղ թվացող ակնարկներն ու մեկնաբանությունները կարող են անձի մտածելակերպի զարգացման հետ երկարատև ու ազդեցիկ առնչություն ունենալ: Օրինակ, որևէ մեկի բնածին խելքը գովելու փոխարեն. «Ինչ խելացի ես», արժևորել նրա աշխատանքի ընթացքը. «Ինձ իսկապես դուր եկավ, թե ինչպես դու պայքարեցիր այդ խնդիրը լուծելիս»:…

Հենց այս մտքի համար ստանձնեցի այս հոդվածի թարգմանություն –փոխադրությունը: Կարծում եմ, որ սա մանկավարժության անկյունաքարային սկզբունքներից մեկը պետք է լինի՝ գովել միայն սովորողի աշխատանքը, այլ ոչ թե՝ բնածին խելքը: Երբ գովում ենք սովորողի գնածին ընդունակություններն ու խելքը, բացի այն բանից, որ նրան  ծուլության ենք դրդում, անհարկի նսեմացնում ու թերարժեքության բարդույթ ենք ձևավորում տվյալ դասասենյակում նստած ավելի քիչ ընդունակություններով ու բնածին խելքով օժտված սովորողի մոտ: Եվ ընդհակառակը՝ բոլորին զարգացման ենք մղում ու աճող մտածելակերպ ենք ձևավորում , երբ  գովում ենք սովորողի ինքնուրույն կատարած աշխատանքը, աշխատանքի ընթացքը:

Իր հոդվածի եզրափակիչ մասում Սալման Խանը ցանկություն է հայտնում մի համազգային երկխոսություն-քննարկում սկսել այն հարցով, թե ինչպես օգնել մարդկանց զարգացնելու իրենց աճող մտածելակերպը: Համացանցը երազանքի նման բան է աճող մտածելակերպ ունեցողների համար: Ստեղծվել է Զանգվածային առցանց բաց դասընթացների ցանց,  Khan Academy , որոնց միջոցով հնարավոր է անվճար մասնակցել տարբեր դասընթացների, ինչը աննախադեպ հնարավորություն է տալիս հասանելի դարձնելու անսահմանափակ ուսումնական նյութեր, որոնք կօգնեն զարգացնել մարդու միտքն ու մտածելակերպը: Այնուամենայնիվ, հասարակությունը լիովին չի օգտվելու այս հնարավորությունից, քանի դեռ աճող մտածելակերպ ունեցողները չեն կազմում այդ հասարակության գերակշիռ մասը: Այնուհետև Սալման Խանը երկու հռետորական հարց է բարձրացնում. ի՞նչ կլինի, եթե մենք ակտիվորեն փորձենք փոխել այս վիճակը: Ի՞նչ կլինի, եթե մենք մեր հասանելի միջոցներով սկսենք աճող մտածելակերպի ձևավորման միջամտություններ անել բոլոր նրանց նկատմամբ, ում մասին հոգ ենք տանում: Հարցը վերաբերում է այն բանին, թե մենք ինչպե՞ս ենք հաղորդակցվում մեր երեխաների հետ, ինչպե՞ս ենք ղեկավարում մեր աշխատանքային թիմը, ինչպե՞ս ենք նոր լեզու կամ գործիք սովորում: Եթե ամբողջ հասարակությունը ընդունի պայքարելով սովորելու այս ձգտումը, ապա մարդկային մտքի գլոբալ ներուժը որևէ սահման չի ճանաչի:

Հոդվածի վերջում Սալման Խանը թեթև հումորով է եզրափակում իր խոսքը: Դիմելով իր այս հոդվածն ընթերցողներին՝ այսինքն մեզ, նա ասում է, որ ինքն արդեն մի անակնկալ է մատուցել բոլորիս: Մենք հենց նոր ենթարկվեցինք աճող մտածելակերպի ձևավորմանն ուղղված մի միջամտության: Մենք իմացանք, որ ուղեղն ամենաշատն աճում է, երբ սխալվում է մի դժվար խնդիր լուծելիս, այլ ոչ թե՝ ինքնավստահ հանդարտությամբ հերթական ճիշտ լուծումն է տալիս կրկնվող ու դյուրին հարցերին:

Հիմա, երբ ընթերցել ենք հոդվածն ամբողջությամբ, կարող է շատերի մոտ քմծիծաղ առաջանալ՝  «մենք դա վաղուց գիտեինք» ենթատեքստով: Դեռ մանկուց  տարբեր լեզուներով  լսել ենք «Սխալների վրա ենք սովորում-На ошибках мы учимся-We learn by making mistakes» արտահայտությունը: Եթե լսել ենք ու ամեն ինչ գիտենք, ապա ինչու՞ ենք  հանդուրժում արդեն մի քանի սերունդ բթացնող շտեմարանները: Այդ քմծիծաղ տվողներից մեկն էլ կարող է այն ծնողը լինել, ով թաքուն հպարտությամբ ասում է. «Տղաս շատ խելացի է, բայց ծույլ է» : Եթե այդպես է, ապա ի սեր Ձեր երեխայի՝ խնդրում եմ նորից կարդալ այս հոդվածը:

   

Յուրա Գանջալյան

24.09.2014

Աղբյուրը՝ http://www.huffingtonpost.com/salman-khan/the-learning-myth-why-ill_b_5691681.html

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: