Համո Սահյան

Համո Սահյան

Ձկնիկն առվին խուտուտ տվեց

Ձկնիկն առվին խուտուտ տվեց,

Եվ առուն՝ պարզ ու անբիծ

Քրքջալով ուշաթափվեց

Ու ձորն ընկավ քարափից…

Զարկվեց քարին, ուշքի եկավ,

Շուրջը նայեց կասկածով

Եվ մի կապույտ ժպիտ շուրթին՝

Ճամփա ընկավ դեպի ծով:

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Արձակ պատմիր բանաստեղծությունը:
  2. Թվարկիր հերոսներին և բնութագրիր նրանց:
  3. Հորինիր վերնագիր բանաստեղծության համար:
  4. Ինչպե՞ս կնկարազարդեիր բանաստեղծությունը, պատմիր:
  5. Հորինիր երկխոսություն ձկնիկի և առվի միջև:

***

Ամպրոպից հետո

Երկինքն ավելի կապույտ է լինում,

Խոտերն ավելի կանաչ են լինում

Ամպրոպից հետո։

Ամպրոպից հետո

Ճերմակ շուշանը ավելի ճերմակ,

Կակաչն ավելի կարմիր է լինում

Եվ մեղրածաղիկն՝ ավելի դեղին։

Ամպրոպից հետո

Սարերն ավելի բարձր են երևում,

Խոր են երևում ձորերն ավելի,

Եվ տափաստաններն՝ ավելի արձակ։

Ծառերն ավելի խոնարհ են լինում

Ամպրոպից հետո,

Եվ հավքերը մեր գլխավերևում

Իրար կանչում են ավելի սրտով.

Ամպրոպից հետո

Բարի է լինում արևն ավելի,

Եվ մենք ավելի սիրով ենք իրար

Բարի լույս ասում։

Ամպրոպից հետո աշխարհը և դու

Հասկանալի եք լինում ավելի…

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Գրավոր պատմի՛ր բանաստեղծությունը:
  2. Բանաստեղծության միջից դուրս գրիր հերոսներին իրենց բնութագրող բառերի հետ. օրինակ՝ կապույտ երկինք…
  3. Ո՞ր բառերն ու բառակապակցություններն են կրկնվում: Դրանք ի՞նչ են տալիս բանաստեղծությանը:
  4. Ո՞ր տողերում է խտացված հեղինակի հիմնական ասելիքը՝ ստեղծագործության հիմնական գաղափարը:
  5. Ո՞րն է այս բանաստեղծության փոխաբերական իմաստը:
  6. Նկարիր այս բանաստեղծությունը պատկերող նկարը:

***

Մշուշների շղարշի տակ

Աշնան խաշամն է խշխշում,

Քամու ձեռքերն անհամարձակ

Ամպի փեշերն են քաշքշում:

Ամպը լեզուն կուլ է տվել,

Հնար չունի որոտալու:

Զերեկն էլ է ցրտից կծկվել,

Չէ՛, երևի ձյուն է գալու;

 

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Առանձնացրու /գույնով կամ շեղատառով/ բնության պատկերները:
  2. Ինչպե՞ս ես հասկանում հետևյալ պատկերները՝

Մշուշների շղարշի տակ…

Ամպը լեզուն կուլ է տվել…

  1. Ի՞նչ գույներ կօգտագործես այս բանաստեղծությունը նկարազարդելիս:

***

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,

Ոսկի են թվում տերև ու ճյուղ,

Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,

Դեղին հրդեհ է ու դեղին ծուխ:

Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը

Աշնան քամուն են ծափահարում:

Քամին է այս ծով գանձերի տերը,

Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:

 

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Ինչպե՞ս ես հասկանում հետևյալ պատկերը՝

 Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը

Աշնան քամուն են ծափահարում:

  1. Դեղին գույնով ներկիր քեզ ավելի շատ դուր եկած պատկերը. Պատճառաբանիր ընտրությունդ:
  2. Ինչո՞վ է աչքի ընկնում բանաստեղծությունը՝ գույնո՞վ, ձայնո՞վ, թե՞ շարժումով: Ներկիր այն տողերը, որտեղ «գույն»կա:
  3. Կարո՞ղ ես արձակ վերապատմել բանաստեղծությունը; Եթե ոչ՝ ինչո՞ւ;
  4. Յուրաքանչյուր քառատող ներկայացրու նկարով:

***

Մայրամուտ

Սարն առել վրան ծիրանի մի քող,

Ննջում է կարծես ծաղկե անկողնում,

Անտառն արևի բեկբեկուն մի շող

Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:

Ժայռի ստվերը գետափին չոքել,

Վիզը երկարել ու ջուր է խմում,

Հովն ամպի թևից մի փետուր պոկել,

Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:

Քարափի վրա շողում է անվերջ

Ոսկե բոցի պես թևը ծիծառի…

Կանգ առ,հողագունդ,քո պտույտի մեջ

Թող մայրամուտը մի քիչ երկարի:

 

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Դուրս գրիր բանաստեղծական գեղեցիկ պատկերները:
  2. Նկարիր այդ պատկերներից մեկը:
  3. Օրվա ո՞ր պահն ես ավելի շատ սիրում: Պատմիր այդ մասին:
  4. Դիտիր տեսանյութը՝

  1. 2-3 նախադասությամբ նկարագրիր ֆիլմի մայրամուտը:

***

Ժայռից մասուր է կաթում,

Կարմիր սարսուռ է կաթում,

Ձորում մշուշ է:

Առուն մասուր է տանում,

Կարմիր սարսուռ է տանում,

Ի~նչ էլ աշխույժ է:

Առուն բարի է այնպես,

Հասկանալի է այնպես,

Այնպես անուշ է:

Նա երկնչում է քարից,

Բայց երբ թռչում է քարից,

Ահռելի ուժ է:

Առուն ինչպես կլռի,

Սերս եկել է ջրի,

Ձեռքինը կուժ է:

Առուն մասուր է տանում,

Կարմիր սարսուռ է տանում,

Աշուն է, ուշ է:

 

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Դուրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր:
  2. Դեղին ներկիր այն պատկերները, որոնք հուշում են, որ աշուն է ներկայացված:
  3. Բնության ո՞ր երևույթն է իբրև անձ ներկայացված (անձնավորված):
  4. Բացատրիր տրված փոխաբերությունը /ոչ ուղղակի իմաստով գործածված արտահայտությունը/՝

Ժայռից մասուր է կաթում…

  1. Փորձիր գտնել փոխաբերական իմաստով գործածված արտահայտությունները:
  2. Նկարիր կամ պատկերացրու մի նկար՝ բանաստեղծությունը ձևավորելու համար: Պատմիր այդ նկարը:

***

ՊԱՊԸ

Իմ պապը տնկել է

Մեր գյուղի շիվերը,

Իմ պապը պայտել է

Մեր գյուղի ձիերը:

Իմ պապը մեր գյուղի

Պատերը շարել է

Եվ բոլոր կամերը

Մեն-մենակ քարել է:

Ջրել է իր այգին,

Ու մարգը բահել է,

Եվ արդար քրտինքով

Իր տունը պահել է:

Իմ պապը վարել է,

Իմ պապը ցանել է,

Իսկ հնձի ժամանակ

Ձեռքի մեջ մանգաղի

Դաստակը ցավել է:

Իմ պապը հողի հետ

Խորհել ու խոսել է,

Ամպի հետ արտասվել,

Ջրի հետ հոսել է…

Մի օր էլ, երբ հանկարծ

Ծալվել են ծնկները,

Զարմանքից քարացել,

Ամոթից շիկնել է:

Թողել է նա մաճը

Եվ շունչը պահել է,

Եվ հետո քրտինքը

Ճակատին պաղել է:

Եվ պապը ակոսում

Պառկել ու քնել է,

Խառնվել այն հողին,

Որ իրեն սնել է:

 Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Ինչպե՞ս ես հասկանում՝

 Մի օր էլ, երբ հանկարծ

Ծալվել են ծնկները,

Զարմանքից քարացել,

Ամոթից շիկնել է:

2. Կարդա՛ բանաստեղծության վերջին քառատողը և բացատրի՛ր:

3. Բնութագրիր պապին:

4. Փորձիր նկարագրել պապին:

5. Նկարագրիր գյուղի կյանքն ու գյուղացուն ըստ այս բանաստեղծության:

6. Գրիր երկխոսություն քո և քո պապի միջև:

ԱՆՁՐԵՎ

Ամպը կախվել է ամպից,

Ամպամած օր է.

Վերը երկինք է մթին,

Ներքևը՝ ձոր է:

Ինչ-որ տագնապ է ձորում,

Ինչ-որ սարսուռ է…

Ուշաթափվել է առուն,

Եվ ուռին լուռ է:

Հավքը թևերն ամփոփել,

Կարծես մրսում է,

Ու՞մ և ինչու՞, չգիտե,

Բայց սպասում է:

Քամին քարայրն է մտել,

Փշաքաղվել է, —

Քարայրի հոնքը ծռվել,

Աչքը շաղվել է:

Շանթը զարկել է ամպին…

Ա՜խ, վիրավոր է,

Արյունաքամ կլինի

Ամպը ուր-որ է:

 

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Թվարկի՛ր հերոսներին:
  2. Դուրս գրի՛ր պատկերները:
  3. Նկարի՛ր քեզ դուր եկած պատկերը:
  4. Գտի՛ր շանթ, հավք, սարսուռ, տագնապ, հոնք բառերի հոմանիշները:
  5. Կարմիր գույնով ներկի՛ր բայերը, գոյականները՝ կապույտ, իսկ ածականները՝ մանուշակագույն:

Ուշ աշնան երգը

Չվող թռչուններն անցան գնացին
Պարան առ պարան,
Շարան առ շարան անցան գնացին:
Ականջների մեջ
Վերջին որոտի կանչերը տարան
Ու վերջին կանաչ-կարմիրը տարան
Իրենց թեերին:
Աչքերում իրենց թափուր մնացած
Բույն-օջախների պատկերը տխուր
Եվ կտուցներին` իրենց թափառիկ,
Անգուշակելի ծիվ-ծիվը տարան:
Չվող թոչուններն անցան գնացին
Շարան առ շարան…
Մնացողները կծիկ են դառնում
Թրջվելու վախից
Եվ կամաց-կամաց բներն են քաշվում:
Ծառերը մրսած մատ ների վրա
Իրենց քրքրված ստվեր-կմախքի
Կողերն են հաշվում:
Մի ուշքը շաղված շնչահատ քամի,
Շուրթերի վրա
Խոնավ շրշյունը խազալ-խաշամի,
Սատանան գիտի թե ո՞ւր է տանում:
Ցուրտ է, կմեռնի մամուռն անտառում:

Անտառում

Անտառում ամպի ծվեններ կային,
Կապույտ մշուշներ կային անտառում.
Օրոր էր ասում աշունն անտառին.
Բայց դեռ անտառի քունը չէր տանում։

Շշուկներ կային անտառում այնքա՜ն
Եվ խոնավ-խոնավ բուրմունքներ կային….
Իրար փաթաթված ստվեր ու կածան,
Ու հետքե՜ր, հետքե՜ր, հետքե՜ր մարդկային։

Եղյամն էր սնկի գլուխն արծաթում,
Մրսում էր կարծես վայրի նշենին,
Հանգստանում էր հողմը բացատում՝
Ականջն ամպրոպի ազդանշանին։

Եղնիկի հորթը, մամուռը դնչին,
Թռչում էր իր մոր բառաչի վրա,
Եվ որսկանը թաց խոտերի միջին
Կորած հետքերն էր որոնում նրա։

Փայտահատը հին երգն էր կրկնում
Եվ տաք սղոցն իր յուղում էր կրկին,
Թեղին անտարբեր ականջ էր դնում
Տապալված կաղնու խուլ հառաչանքին։

Անտառապահի տնակի առաջ
Խարույկն իր խաղաղ ծուխն էր ծածանում,
Եվ խարույկի մոտ եղևնին կանաչ
Սոճու հետ սիրով զրույց էր անում…

Անտառում խորին խորհուրդներ կային
Եվ արձագանքներ կային անտառում,
Օրոր էր ասում աշունն անտառին,
Սակայն անտառի քունը չէր տանում։

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Անծանոթ բառերը դուրս գրի՛ր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Քամու համբույրը
Քամու համբույրից դողաց մի տերև,
Շշուկով դիպավ իր հարևանին,
Խշխշաց հանկարծ իմ գլխի վերև
Ու տարուբերվեց հինավուրց կաղնին:

Կռացավ կաղնին նորից բարձրացավ,
Ճյուղերով դիպավ ուրիշ մի ծառի, —
Եվ շշուկն այսպես ծառից-ծառ անցավ,
Հասավ հեռավոր խորքերն անտառի:

Ալեկոծվում էր անտառը հուզված
Ու ոսկեզօծված գլուխն օրորում,
Իր մեծ գրկի մեջ քամու համբուրած
Փոքրիկ տերևն էր կարծես որոնում:

Խշշում էր անտառն ու տարուբերվում,
Երկինք էր հասնում խշշոցը նրա…
Իսկ քամին ուրախ սուլում էր հեռվում
Եվ ծիծաղում էր անտառի վրա:

Առաջադրանքներ՝

  1. Թվարկիր բանաստեղծության հերոսներին. բնութագրիր նրանց:
  2. Ինչու էր քամին ծիծաղում անտառի վրա:
  3. Առանձին սյունակներով գրիր գոյականները, բայերը:
  4. Համառոտիր նախադասություն՝ Քամին ուրախ սուլում էր հեռվում:

Անունդդ տալիս

Հայաստա՛ն, անունդ տալիս,
Ժայռի մեջ մի տուն եմ հիշում,
Ալևոր կամուրջի հոնքին
Ծիծեռի մի բույն եմ հիշում,
Թեքված մի մատուռ եմ հիշում
Եվ բերդի տեղահան մի դուռ,
Ավերակ տաճարի մի վեմ
Եվ բեկված մի սյուն եմ հիշում:

Հիշում եմ լքված մի թոնիր,
Բերանին մամռոտած մի խուփ,
Մամռոտած որմի խոռոչում
Մասրենու վարսաթափ մի թուփ,
Աշխարհի քարերին մաշված,
Աշխարհից խռոված մի ցուպ, —
Եվ հեռվում ինչ-որ ուշացած
Ձիերի դոփյուն եմ հիշում:

Արևոտ մի սար եմ հիշում,
Ճակատին ձյունի պատառիկ,
Սարն ի վար բարակ մի առու-
Շուրթերին հայրեն ու տաղիկ,
Ցորենի կանաչ արտի մեջ
Առվույտի կապույտ մի ծաղիկ
Եվ արտի եզրին՝ մենավոր
Մի բարդու շրշյուն եմ հիշում:

Հորթը

Օրը թեքվում է դեպի մայրամուտ,

Հովերն են խաղում ձորալանջն ի վար,

Երկարում են խիտ ստվերներն անփույթ

Եվ կամաց-կամաց խառնվում իրար:

Մի հորթ է նստել թեք ձորալանջին,

Թփերում կորած կածանի վրա,

Կարծես քանդակված մի տերև լինի

Մոր լեզվի հետքը ճակատին նրա:

Խոնավ սև ահողն իր խոնավ դնչին,

Թփի տակ նստել, որոճում է լուռ…

Մասրենու մի ոստ կպել է պոչին

Եվ թվում է, թե էլ չի պոկվելու:

Ականջի մեկը կախել է մի քիչ,

Իսկ մեկով ինչ-որ ձայներ է որսում,

Կախ ականջի տակ, կիսախուփ աչքից

Արցունքի բարակ առուն է հոսում:

                                                                                                                                                  Կանաչ փրփուր է կաթում շրթունքից,

Եվ կանաչել է լեզուն բերանում…

Իսկ աչքից բխած առվի ակունքին

Մի ճանճ է իջել ու չի հեռանում:

Մորթն է թրթռում, երբ ճոճվող թփի

Տերևը  հանկարծ քսվում է նրան,

Եվ թրթռում է մորթի հետ նրբին՝

Ծաղկած մասրենու ստվերը վրան…

Հորովելներ են ոլորվում դաշտին,

Սարերի վրա գառներ են մայում…

Մանկության աչքեր, դուք եք այդ հորթին

Մասրենիների արանքից  նայում:

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Անծանոթ բառերը դուրս գրի՛ր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  2. Նկարագրի՛ր հորթին ըստ բանաստեղծության:
  3. Նկարագրի՛ր հորթին շրջապատող բնությունը. նկարիր այն:
  4. Բացատրի՛ր հետևյալ փոխաբերությունները՝ ա. Հովերն են խաղում ձորալանջն ի վար… բ. Հորովելներ են ոլորվում դաշտին…
  5. Բանաստեղծության մեջ արտահայտված զգացումը մեկ բառով ինչպես կանվանես:

Արդյունքում՝

Ուսումնական նյութեր՝

  1. Ձկնիկն առվին խուտուտ տվեց
  2. Մշուշների շղարշի տակ
  3. Մայրամուտ
  4. Համո Սահյան
Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: