Գուրգեն Մահարի

ԲԱԼԼԱԴ ՉԱԼՈՅԻ ԵՎ ԱՌԱՋԻՆ ՍԻՐՈ ՄԱՍԻՆ

1

Չալոն իմ շո՛ւնն էր, չալ-չալ աչքո՛ւն էր,

Չալոն չքնաղ էր, պայծա՛ռ Չալո.

Ընկնում էր ոտիս, աչքը փակում էր,

Ծածկվում էր տատիս հին շալով:

Ես հանում էի մեր հին գզրոցից

Գույնզգույն լաթեր ու սրմա,

Զարդարում էի պոչից մինչև վիզ

Ու տանում դաշտերը նրան:

Չալոն քայլում էր պչրուհու նման,

Սլվլուն պոչը բռնած ցից,

Քսվում էր ոտիս, մռռում էր մռայլ,

Մռռում էր հպարտ, հաճույքից:

Տուն էի բերում մութ փողոցներով,

Շների աչքերից անտես.

Դանդաղ իջնում էր կապույտ երեկոն

Ու ծածկում սար ու դաշտեր:

2

Չալոն իմ շո՛ւնն էր, չալ-չալ աչքո՚ւն էր,

Չալոն չքնաղ էր, պայծա՜ռ Չալո,

Ընկնում էր ոտիս, աչքը փակում էր,–

Բայց բանը վերջացավ չարով:

Գաղթի մութ ճամբին կորավ իմ շունը,

Ո՞վ գիտե՝ ո՞ր ձին կոխոտեց…

Շուրջը մեռնում էր վերջին աշունը,

Չմնաց ինձ ո՛չ մի ընկեր…

3

Մի աղջիկ եղավ իմ երկրորդ սերը,

Խաժ աչքով աշխուժ մի աղջիկ,

Ոսկեգույն էին նրա մազերը

Ու բուրում էին դարչին:

Մի օր միասին գնացինք այգի, .

Հուլիսյան գիշերն էր նազում.

Նա չալ-չալ շորեր ուներ իր հագին,

Իսկ այգում՝ խաղողն էր հասնում:

Նստեցինք մենք թավ որթատունկի տակ,

Նա դրեց գլուխը ծնկիս,

Ես շոյում էի նրա վիզը տաք

Ու նայում մշուշված դեմքին:

Օ, սե՛ր իմ, սե՛ր իմ…– ինձ հառել էին

Բիբերը նրա մլարուն.–

Չալո՛ն է նայում նրա աչքերից,

Չալոն է տխուր նայում:

Անհուշ նազում են որթատունկերը,

Իսկ հետո անձրևն է խշշում.

Քեզ չեմ մոռացել, կորած ընկերըս,

Քեզ չեմ մոռացել, իմ շո՛ւն

… ……………………………………

Օրերի հեռվում նրա հաչոցը

Հնչում է կարծես լալով…

Չալոն իմ շունն էր, չալ-չալ աչքո՛ւն էր,

Չալոն չքնաղ էր, պայծա՜ռ Չալո…

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Կարդալ 1-ին մասը:
  2. Անծանոթ բառերը դուրս գրել և բացատրել:
  3. Պատմիր Չալոյի մասին /գրավոր/:
  4. Շարադրություն՝ Իմ սիրած կենդանին:
  5. Փորձիր փոխել վերնագիրը. պատճառաբանիր ընտրած վերնագիրդ:

ՊՈԵՏ

Մորս

Մի ջինջ գիշեր է եղել,

Մի ջինջ գիշեր,

Մայրս՝ ջահել մի եղեգ,

Հայրս՝ ուժեղ:

Բարդիներն են երգել

Ջրերի մոտ,

Ամեն ինչ խորն է եղել

Ամեն ինչ հորդ:

Ու իմ մորս հուզել է

Բարդիների երգը,

Իսկ դաշտերում փիրուզե

Ծղրիդներն են երգել…

Ախ, ծղրիդնե՛ր շատախոս՝

Լուսնկայի հետ,–

Ծնվեցի ձեր պատճառով

Այսպես պոետ…

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր:
  2. Ինչպիսի՞ տրամադրություն է արտահայտված բանաստեղծության մեջ: Պատասխանելու համար տրված բառերից մի քանիսն ընտրիր և ընտրությունդ պատճառաբանի՛ր. խաղաղ, մռայլ, հանգիստ, երազկոտ, պաայծառ, չարացած, վրդովված:
  3. Ո՞ր պատկերի մեջ է հատկապես խտացած այդ տրամադրությունը:
  4. Քո կարծիքով, բանաստեղծության ո՞ր պատկերն է՝

ա. ամենախաղաղը, բ. ամենագունեղը, գ. ամենազարմանելին:

5. Փոխիր վերնագիրը. պատճառաբանիր ընտրությունդ::

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: