Արշիլ Գորկի

 Արշիլ Գորկի: Կենսագրությունdownload

1904թ. Վանի նահանգի Հայոց ձոր գավառի Խորգոմ գյուղում ծնվեց Ոստանիկ Ադոյանը:

Մտածկոտ և երազկոտ այս տղան չէր ցանկանում մասնակցել հասակակիցների մանկական խաղերին և օրերն անց էր կացնում լճի ափին` ավազի վրա զարմանահրաշ պատկերներ ստեղծելով:

Նա շատ դժվարին և յուրօրինակ կյանք ապրեց: Մանուկ հասակում ծանր հիվանդացավ և զրկվեց խոսելու ընդունակությունից: Հիվանդությանը հաջորդեց երկարատեւ բուժումը: Պատանի էր, երբ մեկնեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Նահանգներում Ոստանիկը բազմաթիվ զրկանքներ տեսավ: Չափահաս տարիքում նա ստեղծեց գլուխգործոցներ: Պայքարում էր չքավորության դեմ, հետո հիվանդացավ քաղցկեղով և նրան վիրահատեցին, այնուհետեւ ավտովթարի ենթարկվեց եւ կորցրեց ձեռքը, իսկ հետո էլ ինքնասպանություն գործեց Կոննեկտիկուտում գտնվող իր արհեստանոցում…

Ոստանիկ Ադոյանի անունը շատերը չեն լսել: Նա իր համար մի նոր անուն էր ընտրել` Արշիլ Գորկի, և հենց այս անունով էլ հայտնի դարձավ ողջ աշխարհին, որպես անցած հարյուրամյակի մեծագույն նկարիչներից մեկը:

Կեղծանվան ընտրությունը պատահական չէր: 1916-1920թթ. Ոստանիկ Ադոյանն ապրել է Էրիվանում և Թիֆլիսում, որտեղ էլ առաջին անգամ ծանոթացել է Մաքսիմ Գորկու կենսագրությանը: Նրա կարծիքով, մեծ հումանիստի և իր կյանքի պատմությունները բավական նման են:

Վանի ինքնապաշտպանության ժամանակ Գորկին օգնում էր աշխարհազորայիններին: Նրանց զենք, փամփուշտ, հագուստ և սնունդ էր տանում, վերադառնում էր միայն ուշ երեկոյան: 1915թ. հունիսի 15-ին, վերցնելով մի քանի օրվա սննդի պաշար և մի քիչ էլ գումար, Ադոյանների ընտանիքն ուղևորվեց Երևան: Ողջ ունեցվածքը թաղեցին տան բակում, կարծում էին, որ շուտով կվերադառնան, սակայն…

Գորկու կրտսեր քույրը` Վարդուշը, հիշում էր. «Քայլում էինք Վանա լճի արևելյան քարքարոտ ճանապարհով: Քայլում էինք օր ու գիշեր, առանց դադարի: Երբ մայրս ուտելու որեւէ բան էր գտնում՝ տալիս էր Գորկուն: Նա ավելի շատ Գորկու մասին էր հոգ տանում, քան դուստրերի, քանի որ Գորկին միակ արու զավակն էր և շատ հյուծված էր: Վանեցիների մի մասը գնաց Պարսկաստան, այնտեղից էլ Բաղդադ, իսկ մենք բռնեցինք Էջմիածին տանող ճանապարհը: Հունիսի 25-ին հասանք Էջմիածին: Էջմիածնում մնացինք երեք շաբաթ: Բակում էինք ապրում: Շուտով սկսեցին հիվանդություններ տարածվել և այդ ժամանակ Գորկին փրկեց մեզ: Նա մի սայլ բերեց և ասաց. «Պետք է հեռանանք այստեղից»: Հուլիսի 16-ին եկանք Երևան: Ապրում էինք կայարանամերձ փողոցում: Դա շատ խղճուկ տեղ էր: Մայրս աշխատում էր որբանոցում, իսկ Գորկին` տպարանում: 1916թ. քույրերս` Ագապին եւ Սաթենիկը, մեկնեցին Ամերիկա: Ես հաճախ էի Արշիլի հետ խոսում իր ծանր վիճակի մասին, սակայն նա անընդհատ ասում էր. «Ես կաշխատեմ, դուք չպետք է անհանգստանաք, ամեն ինչ լավ կլինի»: Այո՛, նա հավատում էր, որ ամեն ինչ լավ կլինի: Մենք իրար շատ էինք սիրում: Դպրոցի դասերից հետո Գորկին աշխատում էր հյուսնի արհեստանոցում, իսկ երեկոյան տպարանից գրքեր էր բերում կազմելու համար: Այսպես առանց հանգստի աշխատելով գումար էինք վաստակում: Գորկին ուզում էր, որ մայրիկը ոչնչի կարիք չզգա: Ցավոք, շուտով մայրիկն՝ ուժասպառ լինելուց հիվանդացավ: Գորկու ստացած գումարը չէր բավականացնում սնունդ գնելու համար: Ինչ-որ կերպ գոյատևելու համար՝ նա սկսեց Երևանի մերձակա գյուղերից հացահատիկ և խաղող գնել, այնուհետև դրանք քաղաքում վաճառել: Սակայն ի՞նչ կարող էր անել 14-ամյա տղան:

62-gorky-2.jpgՄորս վիճակը գնալով վատանում էր, և 1919թ. մարտի 20-ին նա հանկարծամահ եղավ մեր ձեռքերում: Ընդամենը 39 տարեկան էր, իսկ մենք դեռ փոքր էինք: Մայրս Գորկու համար իսկական աստվածուհի էր: Մայրիկը միշտ մեզ բանաստեղծություններ էր կարդում, սովորեցնում էր սիրել բնությունը, Վանը, Հայաստանը: Մորս նկարելիս Գորկին կտավի մեջ դնում էր իր հոգին: Եվ ահա նա մեզնից հեռացավ: Մի որոշ ժամանակ անց Տիգրան անունով մի վանեցի Գորկուն առաջարկեց. «Փոքրիկ, լավ կանես վերցնես քրոջդ եւ հեռանաս այստեղից: Ի՞նչ ունես այստեղ անելու»: Գորկին համաձայնեց: Սկզբում մեկնեցինք Թիֆլիս, այնուհետև Բաթումի, այնտեղ նստեցինք Պոլիս մեկնող նավը: Ուղևորության ընթացքում Գորկին չէր բաժանվում մատիտներից: Ծաղիկներ, թռչուններ, կենդանիներ, նավեր ու երկինք էր նկարում, սկսեց բանաստեղծություններ գրել: Մեր նավը Էլիս Այլանդ մտավ 1920թ. մարտի 1-ին: Գորկին չսիրեց Ամերիկան: Շուրջբոլորը խառնաշփոթ էր, սակայն հետո սովորեցինք այդ խելահեղ ռիթմին, բայց Արշիլն անընդհատ կարոտում էր Վանը:

1925թ. Գորկին մեկնում է Նյու Յորք, որը համարվում էր Ամերիկայի գեղանկարչության կենտրոնը: Արշիլը զգում էր, որ կհասնի արվեստի բարձունքներին:

Արվեստն ունիվերսալ է… Արշիլ Գորկու ողջ ստեղծագործական ուղին ամփոփված է այս բառերի մեջ: Ամերիկայում նրան անվանում էին «Ամենաինտերնացիոնալ նկարիչ», «20-րդ դարի ինտելեկտուալ հեղափոխության զավակ»:

Իր առաջին քայլերն Արշիլ Գորկին կատարել է դեռեւս Վանա լճի ափին: Այդ տարիներին փայտիկը փոխարինում էր վրձնին, իսկ ավազը՝ կտավին, ալիքներն էլ ոչնչացնում էին նրա ստեղծած հրաշալի աշխարհը:

Նրա լավագույն աշխատանքներից են` «Նկարիչն ու նրա երեւակայական կինը», «Նատյուրմորտ», «Ինքնանկար», «Պեյզաժ», քույրերի` Վարդուշի, Սաթենիկի, Ագապիի եւ այլոց դիմանկարները, որոնք ստեղծվել են 20-30-ական թվականներին, ռեալիստական ոճի մեջ: Այս կտավներն իրենց տեղն են գտել աշխարհի խոշորագույն պատկերասրահներում:

Արշիլ Գորկու «Նկարիչը եւ մայրը» կտավն առանձնանում է յուրահատուկ հմայքով: Մոր նուրբ դիմագծերում տխրության ծով է: Հայացքը հպարտ է, շուրթերը սեղմված են, իսկ գեղեցիկ  խելացի աչքերը լի են վախով: Այս աչքերի մեջ երևում է ժողովրդի բնավորությունը: Ոստանիկի աչքերը լայն բացված են, սուր ականջներն` ընդգծված, իսկ ձեռքին ծաղիկներ են: Քիչ ծռված շուրթերն, ասես, ուզում են ժպտալ, սակայն չեն կարողանում: Ասես երեխայի հոգու մեջ մի վերք է բացված, նա չի կարող կեղծել եւ ժպտալ այս կյանքին:

Արշիլն իր հարազատ վայրերից եւ խորտակված պատանեկությունից շատ բան բերեց Ամերիկա: Գորկին գտնում էր, որ այն, ինչը ծնվում է մարդու հանճարից, չպետք է արժանանա սառն անտարբերության, եւ պայքարում էր դրա դեմ: Պատասխանատվության զգացում ու սեփական անձի հանդեպ պահանջկոտություն, մարդկության համար պայքարելու ձգտում. սա է եղել Արշիլ Գորկու հավատամքը:

Նա անսահմանափակ գիտելիքների տեր էր, ամերիկյան պատմության խոշոր գիտակ: Բազում անգամներ է մամուլը գրել, որ Արշիլ Գորկու, Պոլլոկի եւ Մատտի շնորհիվ է, որ ժամանակակից գեղանկարչությունը զարգացման նոր ուղիներ գտավ, եւ, որ Գորկին ժամանակակից ամերիկյան արվեստի եւ նյույորքյան նկարչական դպրոցի հիմնադիրն է: Ամերիկայում 30-40-ական թթ. անվանում են Գորկու շրջան: Գորկին առանց բացառության մեծ ազդեցություն է թողել Ամերիկայի բոլոր խոշոր նկարիչների վրա:

1967թ. ֆրանսիական մամուլը գրեց. «Գորկին միակն է, ով կարողացավ ամերիկյան գեղանկարչությունը եվրոպական մակարդակի հասցնել»:

Արշիլի մասին գրվել են բազմաթիվ հոդվածներ, ալբոմներ աշխարհի տարբեր լեզուներով:

Գորկին մահացավ ավելի վաղ, քան կարողացավ իրագործել իր երազանքը` վերադառնալ Հայաստան: Մահացավ միայնության մեջ…

1948թ. Վարդուշին ուղղված նամակներում նա գրում էր, որ հոգնել է Ամերիկայից, գտնում է, որ իրեն այստեղ չեն հասկանում, չեն գնահատում իր արվեստը: Գորկին իսկական հայ էր, սիրում էր մայրենի լեզուն եւ նվիրված էր հարազատ արվեստին: Պաշտում էր Հայաստանը եւ միշտ ասում էր. «Մի օր ես հայրենիք կվերադառնամ սակայն միայն այն ժամանակ, երբ ամուր կանգնած կլինեմ ոտքերիս վրա, որպեսզի փառաբանեմ հայրենիքս»: Չհասցրեց, բայց փոխարենն այն փառաբանեց իր արվեստով…

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: