Եղիշե Չարենց /մեդիափաթեթ/

Եղիշե Չարենց

Նունե Մովսիսյան «Հայկական կակաչ»

Եղիշե Չարենցի փողոցում 

Ծաղիկները հեզ թեքվում են քամու օրորի տակին

Եվ լսում նրա հեռվիցը բերող երգը տխրագին…

Քամին ծաղկունանց շուրթերն է դողդոջ շոյում, գուրգուրում

Եվ լուռ մրմնջում, թե հեռուներում ինչպես են սիրում…

Եվ այս ամենը կատարվում է միշտ իրիկնաժամին,

Երբ որ տրտում են հեզ ծաղիկները ու մեղմ է քամին:

Հարցեր 

1. Օրվա ո՞ր պահի բանաստեղծական նկարագրություն է սա:

2. Դուրս գրիր բառակապակցությունները:

3.  Պատմիր այս բանաստեղծության քամու մասին ( ինչպիսի՞ն է):

4. Տրված բառերից և բառակապակցություններից ընտրի՝ր նրանք, որոնք բնութագրում են այս բանաստեղծական աշխարհը, և ընտրությունդ պատճառաբանի՝ր:

Չար, բարի, ատելությամբ լի, գեղեցիկ, տգեղ, քնքուշ, կոպիտ:

5. Բանաստեղծության մեջ ի՞նչ տրամադրություն է արտահայտված ( պատասխանդ պատճառաբանելու համար բանաստեղծոության մեջ գտի՝ր տրամադրություն ստեղծող բառերը):

***

Տրիոլետ

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.

Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց –

Գիտե՞ք, որ գարուն է արդեն։
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց-
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց։

Հարցեր և առաջադրանքներ՝

1. Ներկիր այն տողերը, որոնք հուշում են, որ  գարուն է:
2. Ի՞նչ տրամադրություն է արտահայտված բանաստեղծության մեջ:
3. Բանաստեղծությունը կարդա այնպես, որ հնչի՝ ա) տխուր, բ) հիացական, գ) վախեցած
4. Ինչպիսի՞ն կարող է լինել գարունը՝ կանաչ, թիթիզ….
5. Ինչպիսի՞ն է քո գարունը. պատմիր նրա մասին:

***

Էլի գարուն կգա, կբացվի վարդը,

Սիրեկանը էլի յարին կմնա։

Կփոխվին տարիքը, կփոխվի մարդը,

Բլբուլի երգն էլի՛ սարին կմնա։

Ուրիշ բլբուլ կգա կմտնի բաղը,

Ուրիշ աշուղ կասե աշխարհի խաղը,

Ինչ որ ե՛ս չեմ ասե — նա՛ կասե վաղը.

Օրերը ծուխ կըլին, տարին կմնա։

**

*(Հայաստանին)

Հազար ու մե վերք ես տեսել — էլի՛ կտեսնես,

Հազար խալխի ձեռք ես տեսել — էլի՛ կտեսնես։

Աշնան քաղած արտի նման՝ հազա՜ր զոհերի

Չհավաքած բե՛րք ես տեսել — էլի՛ կտեսնես։

Գլուխդ չոր քամուն տված պանդուխտի նման

Հազա՛ր տարվա հերք1 ես տեսել— էլի՛ կտեսնես։

Նարեկացի, Շնորհալի, Նաղաշ Հովնաթան—

Ինչքա՜ն հանճար, խելք ես տեսել— էլի՛ կտեսնես:

Քո Չարենցին լեզու տվող երկի՛ր Հայաստան,

Հազա*ր ու մե ե՛րգ ես տեսել — էլի՛ կտեսնես։

1 հերք — գրբ. հոգն. մազեր:

* * *

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում,

Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,

Արնանման ծաղիկների ու վարդերի բո՛ւյրը վառման,

Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,

Արևն ամռան ու ձմռվա վիշապաձայն բուքը վսեմ,

Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև

Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Ուր է՛լ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,

Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,

Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր—

Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հ.այաստան–յարն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա.

Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա.

Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա,

Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Անծանոթ բառերը դուրս գրիր և բացատրիր:
  2. Դուրս գրիր բառակապակցությունները և բացատրիր:
  3. Ո՞րն է քեզ համար ամենաանսպասելի մակդիրը /բառակապակցություն, բայց՝ փոխաբերական իմաստով/: պատասխանդ պատճառաբանիր:
  4. Ներկիր՝

ա. Հայաստանի բնությունը նկարագրող արտահայտությունները /կարմիր գույնով/.

բ. Հայաստանի մշակույթն ու պատմությունը ներկայացնող տողերը /կապույտ գույնով/:

5. Ի՞նչ է տալիս բանաստեղծության մեջ կրկնվող սիրում եմ բառը. տրված պատասխաններից /մեկը կամ մի քանիսը/ ընտրիր և պատասխանդ պատճառաբանիր:

ա. Զգացում է արտահայտում:

բ. Տրամադրություն է հաղորդում:

գ. Ռիթմ է հաղորդում:

դ. Բանաստեղծության պատկերներն է իրար կապում:

ե. Դրա միջոցով է ստեղծվում քնարական հերոսի կերպարը:

Ինչ որ լավ է…

Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,

Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.

Այս արև, այս վառ աշխարհում

Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛:

Մոխրացի՛ր արևի հրում,

Արևից թող ոչինչ չմնա,-

Այս արև, այս վառ աշխարհում

Քանի կաս, վառվի՛ր ու գնա՛:

Հարցեր ու առաջադրանքներ՝

  1. Բացատրի՛ր փոխաբերությունը՝  Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում:
  2. Բացատրիր մակդիրը՝  արև, վառ աշխարհ:
  3. Արդյոք բանաստեղծությունն ապրելու ինչ-որ ձև թելադրո՞ւմ է: Պատճառաբանիր:
  4. Բանաստեղծությունը ձևավորող նկար պատկերացրո՛ւ և պատմի՛ր:

Արդյքւնքում՝

Ուսումնական նյութեր՝

Եղիշե Չարենց—Նունե Մովսիսյան

Կյանքը — երգիերկնքի՛ պես անհո՛ւն, անհո՛ւն, —
Կյանքը — կորած աստղերի՛ պես հազարանուն:
Կյանքը — կրակ ճահիճներում` կա ու չկա, —
Կյանքը — ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:

Կյանքը — երգիերկնքի՛ պես անհո՛ւն, անհո՛ւն, —

Կյանքը — կորած աստղերի՛ պես հազարանուն…

Ինչքան որ հուր կա իմ սրտում — բոլորը քեզ.
Ինչքան կրակ ու վառ խնդում — բոլորը քեզ.—
Բոլո՜րը տամ ու նվիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնա՝
Դո՜ւ չմրսես ձմռան ցրտում.— բոլո՜րը քեզ…
 Անքնություն

Դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են ձիերը,
Մթի մեջ դոփում են, խփում են պայտերը,
Պայտերը խփում են, խփում են հողին․-
Անծա՜յր է գիշերը, անհայտ է ուղին:
Գնո՜ւմ են, գնո՜ւմ են, գնո՜ւմ են ձիերը,
Մոտիկ են, հեռու են, դոփում են պայտերը,
Պայտերը դոփում են քունքի՛ս մեջ հիմա․-
Անհա՜յտ է աշխարհը՝ անցում է ու մահ․

 

Շարունակել կարդալ

Advertisements

Եղիշե Չարենցը Բանգլադեշում

Եղիշե Չարենց