Ուսումնական ձմեռ

Արձակուրդային ուսումնական նախագծեր

 

  1. Ստեղծեք արձակուրդային-տոնական հաղորդումներ և հրապարակեք դրանք ձեր բլոգում` ուղարկելով հղումը ինձ.
    երգ ու պար,
    մաղթանքներ
    տոնական ընթերցում
    հարցազրույցներ
  2. Պատմեք արձակուրդի օրերին ձեր տեսած ամենահետաքրքիր ֆիլմի մասին
  3. Պատմեք արձակուրդի օրերին ձեր ընթերցած գրքի (գրքերի) մասին` հայերեն կամ օտար լեզվով:
  4. Տոնական TV. քննարկեք ձեր ընտանիքում դիտած տոնական հաղորդումները
    ինչ եք նայել, ովքեր են հեղինակները, գնահատեք նրանց ջանքերն ու ստացված արդյունքը
  5. Ձայնագրեք ամանորյա ինքնատիպ բարեմաղթանքներ և կենացներ
  6. Գրեք նամակ 2016-ին
  7. Գրեք 2015-ի ինքնակրթության ծրագրերի և դրանց արդյունքների մասին. ինչ և ինչպես եք սովորել ինքնուրույն, ձեր կազմած ծրագրերով.
    արդյունքը կարող եք ներկայացնել «Հանրակրթական Դիջիթեք 2016»-ին

Ձմեռային ընթերցանություն՝

  1. «Լուցկիներով աղջիկը»-Հանս Քրիստիան Անդերսեն
  2. Ամանորյա ընթերցանության նյութեր

Ստեղծագործում ենք, պատրաստում նյութեր՝

  • «Իմ տեսած անսովոր եղևնին», «Տոնածառերի շքերթ»
  • «Օր, որ նման չէր մյուս օրերին»
Advertisements

Խստաշունչ ձմեռը և ցնցոտիավոր ծերունին

1910 թվականի ձմեռը շատ խստաշունչ էր Ռուսաստանում: Մոսկվայից 20 կմ հեռու գտնվող մի հաջողակ և հայտնի հյուրանոցի համար վատ ժամանակներ էին: Շաբաթներ շարունակ ոչ ոք չէր մնում այնտեղ, և հյուրանոցի տերն աշխատանքից ազատել էր աշխատակիցներից շատերին: 

Մի երեկո նա զարմացավ` լսելով դռան թակոցը: Դուռը բացելով` նա տեսավ ալեխառն մորուքով, ցնցոտիավոր մի ծերունու: Ծերունին մի քանի օր դրսում` ձյան տակ էր եղել: Նա սառած էր և համարյա սովամահ: Նա հարցրեց, թե հյուրանոցի տերը կարո՞ղ էր իրեն ուտելիք և մի գիշերվա օթևան տալ:
-Իհարկե, կարող եմ, – ասաց հյուրանոցի տերը: – Մի գիշերվա օթևանի և ճաշի գումարը կկազմի 3 ռուբլի: Կարո՞ղ եք վճարել: Ծերունին խոստովանեց, որ դրամ չուներ, սակայն եթե իրեն վռնդեին, ապա նա հաստատ ցրտամահ կլիներ:
Հյուրանոցի տերը խղճաց ծերունուն և ներս հրավիրեց նրան: Տարավ ծերունուն խոհանոց, որտեղ օջախի վրա եփվում էր բորշչ` ճակնդեղով ապուր: Հյուրանոցի տերը լցրեց մի մեծ թաս ապուր, ավելացրեց թթվասեր, այցելուին տվեց տարեկանի կես հաց: Ծերունին շատ քաղցած էր և արագ կերավ ապուրն ու հացը: Հյուրանոցի տերը ծիծաղեց` տեսնելով, որ ճակնդեղը ծերունու մորուքի վրա լաքա էր թողել:
Ցնցոտիավոր ծերունին շնորհակալություն հայտնեց հյուրանոցի տիրոջը ճաշի համար և ասաց.

-Առավոտյան հեռանալիս դու ինձ չես տեսնի: Թեև ես հիմա դրամ չունեմ, բայց կվճարեմ քո 3 ռուբլին, երբ ունենամ:

Հյուրանոցի տերը ոչինչ չասաց, սակայն չէր ակնկալում երբևէ կրկին տեսնել ոչ ծերունուն, ոչ էլ 3 ռուբլին:

Վերջապես ձյունը հալվեց, և հյուրանոցի վիճակը շատ լավացավ: Մարդիկ սկսեցին հյուրանոց գալ և մնալ ավելի հաճախ, քան նախկինում:
Լինելով բարեպաշտ մարդ, գարնանը հյուրանոցի տերը որոշեց գնալ քաղաքի եկեղեցի և երախտագիտություն հայտնել Աստծուն հյուրանոցի վիճակի բարելավման և հաջողության համար: Հասնելով մայրաքաղաք, նա ուղղվեց անմիջապես դեպի եկեղեցի: Ներս մտնելուն պես նա դիտեց եկեղեցին և աչքն ընկավ պատերը զարդարող սրբապատկերներին: Նա հայացքը հառեց հատկապես հեռավոր անկյունում գտնվող մի սրբապատկերի:
Դրանում պատկերված էր ալեխառն մի ծերունի, ում դեմքն աղոտ կերպով ծանոթ էր թվում: Մոտենալով` հյուրանոցի տերը ծերունու մորուքի վրա ճակնդեղի լաքա նկատեց, ապա տեսավ սրբապատկերի տակ գրվածը`Սուրբ Նիկողայոս:
Հյուրանոցի տերը ցանկացավ մոմ վառել սրբապատկերի մոտ, և երբ մատներով փորփրեց հողը` տեղավորելու մոմը, ապա շոշափեց  մի փոքրիկ կոշտ բան: Դա դրամ էր` ռուբլի, կողքին կար ևս 2 ռուբլի: Հյուրանոցի տերը վերցրեց դրամները և կրկին նայեց սրբապատկերին. ճակնդեղի լաքան անցել էր, իսկ ծերունու դեմքը ժպտում էր:

 

Սուրբ Ծննդյան պատմություն Պաուլո Կոելիո

Համաձայն միջնադարյան մի առասպելի, այն երկրում, որը հիմա Ավստրիա է կոչվում, Բուրխարդների ընտանիքը` հայրը, մայրը և որդին, Սուրբ Ծննդյան օրերին զվարճացնում էին մարդկանց ասմունքով, տրուբադուրների հին բալադները երգելով և  աճպարարություն անելով: Իհարկե, երբեք փող չէր մնում նվեր գնելու համար, սակայն հայրը միշտ ասում էր որդուն. “Գիտես` ինչու Սանտա Կլաուսի պարկը երբեք չի դատարկվում, չնայած որ աշխարհում այդքան շատ երեխաներ կան: Որովհետև Սանտա Կլաուսի նվերները կարող են խաղալիքներ լինել, բայց երբեմն նա շատ ավելի կարևոր նվերներ է մատուցում` “անտեսանելի” նվերներ: Ներքին անհաշտություններ ունեցող ընտանիքում Սանտա Կլաուսը փորձում է  ներդաշնակություն և խաղաղություն բերել: Որտեղ սիրո պակաս կա, նա հավատի սերմեր է ցանում երեխաների հոգում: Որտեղ ապագան մռայլ ու անորոշ է թվում, նա հույս է բերում: Մեր դեպքում, մեր Հոր Ծննդյան հաջորդ օրը մենք երջանիկ ենք, որ ապրում ենք ու կարող ենք անել մեր աշխատանքը, որը մարդկանց է երջանկություն բերում: Երբեք չմոռանաս դա”:

Ժամանակ անցավ: Որդին մեծացավ և մի օր նրանց ընտանիքը անցավ Մելքի տպավորիչ միաբանության շենքի առաջով, որը հենց նոր էր կառուցվել: Երիտասարդ Բուրխարդը ցանկացավ քահանա դառնալ: Նրա ընտանիքը հասկացավ և հարգեց այդ ցանկությունը: Նրանք թակեցին միաբանության դուռը և քահանաների կողմից ջերմ ընդունելության արժանացան, իսկ կրտսեր Բուրխարդին ընդունեցին իրենց շարքերը:

Սուրբ Ծննդյան նախաշեմն էր: Եվ հենց այդ օրը Մելքում մի յուրահատուկ հրաշք կատարվեց: Աստվածամայրը` մանուկ Հիսուսը գրկին, որոշեց իջնել Երկիր և այցելել այս միաբանությունը:

Բոլոր քահանաները շարվեցին Աստվածամոր առջև` ջանալով հերթով յուրովի արտահայտել իրենց պատկառանքը նրա և նրա Որդու հանդեպ: Շարքի վերջում երիտասարդ Բուրխարդը տագնապով սպասում էր իր հերթին: Նրա ծնողները հասարակ մարդիկ էին, որոնք ընդամենը սովորեցրել էին իրեն գնդակները վերև նետել և որոշ աճպարարություններ անել:

Երբ նրա հերթը հասավ, մյուս քահանաները փորձեցին ավարտել հարգանքի մատուցման արարողությունը, քանի որ նախկին աճպարարը որևէ էական բան չէր կարող ավելացնել մինչ այդ ցուցադրվածին և դեռ ավելին` կարող էր փչացնել միաբանության թողած տպավորությունը:

Այդուհանդերձ, սրտի խորքում նա նույնպես ցանկանում էր իրենից ինչ-որ բան նվիրել Հիսուսին և Սուրբ Կույսին: Ամաչելով մյուս քահանաների մանրազնին հայացքներից` նա իր զամբյուղից մի քանի նարինջ վերցրեց և սկսեց նետել դրանք վերև և բռնել` հիանալի շրջան ստեղծելով օդում:

Այդ պահին էր, որ մանուկ Հիսուսը Աստվածամոր գրկին սկսեց ուրախությամբ ծափահարել: Եվ հենց երիտասարդ Բուրխարդն էր, ում Աստվածամայրը ընդառաջ գնաց և թույլ տվեց մի քանի վայրկյան գրկել ժպտացող Հիսուսին: