Մեդիամայրենի 5-6-րդ դասարաններում

Միշտ կարևորվել և հիմա էլ դպրոցներում կարևոր առարկա է համարվում մայրենի լեզուն: Գլխավորելով ուսումնական առարկաների ցանկը և ուսումնական պլանում ամենաշատ ժամերը ունենալով` այն եղել և մնում է, կարծես թե, ուսուցման կենտրոնում: Բայց ինչ է ստացվել. մայրենի լեզուն, այդքան կարևորվելով հանդերձ, ինչ-որ տեղ անտեսված է այն առումով, որ այսօրվա մեր սովորողը, դպրոցի շրջանավարտ-քաղաքացին վախենում է արտահայտվելուց, իր սեփական մտքերը շարադրելուց, վատ է խոսում: Ինչո՞ւ: Մի՞թե մայրենիի խնդիրը չի եղել ու չի մնում երեխայի անկաշկանդ, ազատ ու ճիշտ արտահայտվելը, ճիշտ խոսքի (գրավոր և բանավոր) և հստակ արտահայտման հմտությունների մշակումը, նրա խոսքային ինքնարտահայտման կարողության պահպանումը, ստեղծագործական, քննդատական մտածողության զարգացումը:

Իհարկե` այո: Բայց եթե աննպատակ շարադրություն ես գրում, այսինքն` չգիտես ում համար կամ ինչու ես գրում, կամ էլ գրում ես այնպիսի թեմայով, որը քեզ հարազատ չէ և ոչ էլ այդքան հասկանալի, այն դառնում է շարադրություն` տետրի համար: Ո՞վ է արձագանքում այդ շարադրությանը, ո՞վ է խոսում դրա մասին, ո՞վ է ոգևորվում, ուրախանում, անհանգստանում…

Իսկ երբ սովորողը գրում է կամ պատմում իր ընկերոջ, իր ուսուցչի հետ կապվող, իրեն առնչվող դեպքերի մասին, իր դպրոց եկած հյուրերի, նոր աշակերտների մասին, իր առօրյայի, տեսածի ու լսածի մասին, երբ հարցազրույց է վարում կամ պատասխանում իրական լրագրողի հարցերին, խոսքը դառնում է կենդանի: Այն հասցեատեր ունի, կան դրա հրապարակմանը սպասող մարդիկ, դրա մասին խոսում են, քննարկում են դասարանում, տանը, ընկերների խմբում: Ասելիք և խոսքը ասելու պատճառ, խթան ունենալը նպաստում են, որ սովորեն չքաշվել արտայտվելուց, տեսակետ հայտնելուց: Հայերենի ժամին սովորողը սովորում է ոչ միայն ճիշտ, պարզ ու հասկանալի խոսել և գրել, այլև անսխալ ու ճշգրիտ խոսքը ստանալու համար օգտագործում է ձայնագրիչը, տեսագրիչը: Լսելով իր խոսքը` սովորողը արագ է ընկալում իր սխալը, իսկ գրածը կարդալով` կարող է և չտեսնել իր սխալը: Նաև` ձայնագրիչով աշխատելիս ավելի հեշտ է կենտրոնանալ խոսքի մշակման վրա: Ձեռքին ունենալով ձայնագրիչը`սովորողը նախ` դառնում է ինքնավստահ, նախաձեռնող: Լինելով մեծ համալիրի սովորող, որտեղ ամեն ժամ, ամեն րոպե մի նոր բան է ստեղծվում, ծնվում, մեր սովորողը պատմում էդեպքերն ու իրադարձությունները, նկարագրում, տեսանելի դարձնումունկնդրին կամ ընթերցողին երևույթն ու առարկան, ապացուցում, հիմնավորում, բացատրումդեպքերը: Նա արձագանքում է ընկերների, այլոց արձանագրած խնդիրներին`ունենալով դիրքորոշում, գնահատողական վերաբերմունք: Խնդիրներն ու եզրակացությունները դառնում են որոշակի, պարզ ու հստակ: Հենց այստեղ էլ սկսում ենք գործ ունենալ ազատ անհատի, իր եսը ունեցող քաղաքացու հետ:

Մեր ստեղծագործական նախագծերի կազմակերպման համար անընդհատ մեդիամիջոցներ ենք գործածում, սովորում համակարգչային ծրագրեր: Համակարգչային իմացությունն ու համացանցից օգտվելը օգնել են և օգնում են լուծելու նաև կարդալու խնդիրը: Մեր կայքն արդեն ամենահետաքրքիր ընթերցարանն է. կայքում այնքան նյութեր կան, որոնք կարող են դառնալ դասի նյութ: Ինչքան ուզում ես կարդա, կարծիք հայտնիր, քննարկիր ու վերլուծիր: Ունենք նաև մեդիագրադարան` թվայնացված բազմաթիվ գրքերով: Մեդիագրադարանը կհարստացնենք ընթեցողի հմտություններ զարգացնող առաջադրանքներով. և թվում է, որ առանձին տպագիր ընթերցարան-ձեռնարկների կարիք էլ չի լինելու: