Աշխատում են սիրով

Աշխատում են սիրով

Լինելով 5-6 դասարաններում մայրենիի դասավանդող և լրագրողական խմբի ղեկավար` փորձեցի ճշտել` ինչով են զբաղվում և ինչ են կարողանում անել մեր սովորողները խեցեգործարանում: Խեցեգործություն բառն արդեն խոսում է բարձր ճաշակի ու ինտելեկտի մասին, իսկ դպրոցում խեցեգործարան ունենալը` ժամանակի հետ համընթաց քայլող և սովորողների ապագայով անհանգստացող դպրոց լինելու մասին: Խեցեգործությանարհեստանոց-արվեստանոցը բաց է առավոտից մինչև ուշ երեկո: Իրենց տեխնոլոգիայի և ընտրությամբ գործունեության ժամերն այստեղ են անցկացնում Նոր դպրոցի 2-4-րդ դասարանցիները, Միջին դպրոցի սովորողները։ Խմբերը հիմնականում բաղկացած են 10-12սովորողներից: Երեխաները սիրով են վազում խեցեգործության. նրանց համար տոն է այդ օրը: Վերցնելով իրենց ձեռքը կավը` ճմրթում են, տրորում, զգում այն, տեսնում, թե ինչպես է կավը դառնում ծեփելու կավ և իրենց պատկերացումներով ստանում ամենաանհավանական կերպարներ: Դրանից էլ մեծ հաճո՞ւյք: Միտքն ու մատները գործում են իրար հետ` իրար օգնելով:

Գծելով էսքիզներ` զարգանում է երևակայությունը, պատրաստելով թաղարներ, բաժակներ, ափսեներ ու մոմակալներ, զարգանում է մատների մոտորիկան: Երեխան միաժամանակ աշխատում է (սիրով), ստեղծագործում, ինքնադրսևորվում, մատները վարժում, կամաց-կամաց մոտենում արվեստին. արդյունքում գործ ենք ունենում ստեղծագործ անհատի, առողջ-ազատ մտածողի հետ: Եվս մեկ խնդրի լուծում: Գիտակցելով, որ ստեղծված առարկաները նվիրվելու են հաղթողների, հոբելյարների, հյուրերի, երևելի մարդկանց, երեխաներն աշխատում են ավելի լուրջ, պատասխանատվության զգացումով: Ինչևէ, խեցեգործությունը թարմ շունչ է և մտքի թռիչք: Այս ամենին գումարենք` սովորողները աշխատում են սիրով և մեծ նվիրումով:

Չմոռանանք ամենակարևորը` մարդը վաղը իր այսօրվա սովորածով կկարողանա նաև վաստակել հանապազօրյա հացը: Վատ չէ:

Մի նկատառում` 5-6-րդցիների ընտրությամբ գործունեության մեջ նույնպես թող ընդգրկվի խեցեգործությունը: