Հնդկական զրույցներ

Հիմարություն և հզորություն

Մի անգամ, երբ Սայի Բաբան զբոսնում էր օվկիանոսի ափով, մի երիտասարդ գործարար մոտեցավ: Նա ասաց.

— Սվամիջի, դու այնքան շատ բան ես կարող անել, քեզ համար ի՞նչ է այս ջրի մի մասը նավթ դարձնելը: Այդ ժամանակ Հնդկաստանում բոլորը կմոռանան աղքատության մասին:

Սվամին պատասխանեց.

— Կարող եմ դա անել, բայց նման մի հիմար էլ կլինի, որն այդ օվկիանոսի մեջ լուցկի կնետի:
Հոգևոր ուսուցում

Մեծն կայսր Աքբարն ուներ ինն իմաստուն: Նա բավական հարուստ էր նրանց պահելու համար: Նրանց այդպես էլ անվանում էին` ինը թանկարժեք զարդ: Բայց չէր զգացվում, թե նա մի բան էր սովորում նրանցից:

Մի անգամ խիստ զայրացած Աքբարն իր մոտ է կանչում թանկարժեք իննյակին և ասում.

— Մարդիկ պնդում են, որ դուք աշխարհի ամենամեծ իմաստուններն եք: Բայց այս ամբողջ ընթացքում, որ այստեղ եք, ես ձեզանից ոչինչ չեմ սովորել: Այդ դեպքում այստեղ ի՞նչ եք անում:

Իմաստուններից մեկի հետ մի երեխա էր եկել. նա շատ էր ուզում տեսնել թագավորական պալատը: Այդ լսելով` երեխան ծիծաղեց: Աքբարը զայրացավ և ասաց.

— Սա ի՞նչ բան է, գիտե՞ս արդյոք, մեղքի զավակ, թե ում ներկայությամբ համարձակվեցիր լուծել սեփական թերամտությանդ կնիքը: Կամ քո իմաստուն հորից իր զավակին ողջամտության փշրանքնե՞ր անգամ չեն հասել, որպեսզի իմանա, թե ինչպես վարվի մեծն արքայի ներկայությամբ:

Երեխան պատասխանեց.

— Օ~, մեծն արքա, մատաղ լինեմ քեզ, ներիր ինձ: Իմ ծիծաղը քեզ վիրավորելու նպատակով չէր, իմ ծիծաղը իմաստունների լռության դեմ էր, քանի որ ինձ հայտնի է նրանց լռության պատճառը, ինչպես նաև` ինչ պատճառով դու ոչ մի բան չես կարողացել սովորել նրանցից:

Աքբարը սևեռուն նայեց երեխայի աչքերին: Դեմքից մանկության և անմեղության մաքրություն էր կաթում, բայց միևնույն ժամանակ այն հնից էլ հին էր: Աքբարը հարցրեց.

— Միգուցե դո՞ւ կկարողանաս ինձ մի բան սովորեցնել:

Երեխան հանգիստ պատասխանեց`այո: Աքբարը հրամայեց` որ այդպես է,սովորեցրու:

Երեխան պատասխանեց.

— Համաձայն եմ, բայց դրա համար պետք է իջնես քո գահից, իսկ ես նստեմ քո տեղը: Եվ այդ ժամանակ դու ինձ հարցեր կտաս ոչ որպես թագավոր, այլ որպես աշակերտ:

Աքբարը, իսկապես, իջավ իր գահից և նստեց հատակին` երեխայի ոտքերի մոտ, իսկ վերջինս նստեց գահին` ասելով.

— Ա՛յ, հիմա հարցրու:

Ակբարը այդպես էլ ոչինչ չհարցրեց: Նա խոնարհվեց մինչև երեխայի ոտքերի տակի հողը և ասաց.

— Թող բազմապատկվեն գիտելիքներդ և իմաստությունդ: Էլ կարիք չունեմ  հարցեր տալու: Քո ոտքերի մոտ խաղաղ նստելը ինձ շատ բան սովորեցրեց:
Յուրաքանչյուրը պետք է հավատա ինքն իրեն

Չկա այդպիսի մարդ, որն իրեն չի սիրում, չի հավատում ինքն իրեն և ցանկություն չունի բարձրանալու ավելի և ավելի բարձր: Անգամ Աստծուն չհավատացող մարդն է հավատում իրեն, ցանկանում ձեռք բերել մի ուժ, որն իր մեջ  կպահպանի այդ հավատը:

Մարդիկ, մրգերով և ծաղիկներով, գալիս էին գուրուին՝ իրենց սովորեցնող իմաստունին տեսնելու: Այնքան շատ նվեր էր հավաքվել, որ կանչելով աշակերտին` գուրուն խնդրեց կտրատել միրգը և որպես նշխար` բաժանել մարդկանց: Երբ ամեն ինչ պատրաստ էր, աշակերտը հարցրեց, թե առաջինն ում տա: Գուրուն խորհուրդ տվեց սկսել նրանից, ում ամենաշատն է վստահում և ամենաշատն է հավատում: Բոլոր հավաքվածները համոզված էին, որ առաջինն ուսուցիչը կլինի, իսկ հետո` մնացածները: Բայց աշակերտը վարվեց այլ կերպ: Առաջին միրգը իրեն վերցրեց: Ապշած մարդիկ բացատրություն պահանջեցին: Նա ասաց` քանի որ ամենաշատ սեր ու վստահություն ինքն իր հանդեպ է զգում, առաջինը իրեն վերցրեց միրգը:

Ռուսերենից թարգմանեց Մարգարիտ Հարությունյանը

Advertisements