5-6-րդ դասարանցի սովորողի ուսումնական աշխատանքը մայրենիի լեզվից

Դասավանդողը սովորողի` ծրագրով նախատեսված ուսումնական գործունեությունը կազմակերպում է և´ դասարանում, և´ տանը: Դասարանում ավելի շատ կազմակերպվում է խմբային ուսումնական աշխատանք, որով ուսուցման հետ մեկտեղ սովորողի արժեքային համակարգի շատ ու շատ խնդիրներ են լուծվում` հանդուրժողականություն, ներողամտություն, իրար օգնելու…: Խմբերի ձևավորման շատ մեթոդներ կան, որոնք ապահովում են տարբեր կարողություններ ունեցող երեխաների ընդգրկումն ամեն մի խմբի մեջ: Ուսուցչի կողմից ստանալով առաջադրանքները (կա´մ պատրաստի դրված են լինում սեղաններին, կա´մ իրենք են ընտրում)` կատարվում է աշխատանքի բաժանում (խմբի յուրաքանչյուր անդամ ստանում է իր պարտականությունը), նշվում է ժամանակը, անցնում են աշխատանքի: Խմբի մեջ բոլորն էլ աշխատում են` իրար օգնելով ու իրար լրացնելով: Աշխատանքային պայմաններն ու ժամանակը ցուցադրվում են (պրոյեկտորով): Ուսուցիչը միջամտում է միայն այն դեպքում, երբ խումբն առաջադրանքը չի հասկանում, դժվարանում է սկսել (ուղղորդում է): Երբեմն մասնակցում է խմբերից մեկի աշխատանքին: Կարևորվում է աշխատանքային կարգապահությունը (գրադարանային ձայնի պահպանումը):

Դասարանում սովորողն անհատաբար է աշխատում ընթերցանության (լուռ, բարձրաձայն) ժամանակ, տեքստային աշխատանքներ (օրինակ` ընդգծել իմաստն արտահայտող տողը կամ բնութագրող հատվածը) կատարելիս, տեքստը փոխադրելիս, սեփական վերաբերմունք արտահայտելիս:

Տնային աշխատանքները տեղադրվում են իմ փոստի օրացույցում և հղվում համապատասխան դասարաններ: Տնային աշխատանքներ կարող են լինել.

  • Տեքստի ընթերցում

Նախընտրելի է երկար տեքստերը ընթերցել տանը: Ազատ ժամանակից և միջավայրից` երեխան տանը ավելի անկաշկանդ է, և կապը իր ու գրքի միջև մտերմիկ է: Սա էլ օգնում է ոչ միայն նյութի բովանդակությանը ծանոթանալուն, այլև տեքստին ավելի լուրջ մոտենալու` բառային և տեքստային շատ աշխատանքներ, նշումներ, հարցադրումներ, վերաբերմունքի, տեսակետի շարադրում: Դասարանում արդեն այդ աշխատանքի արդյունքում կազմակերպվում են քննարկումներ, բանավեճեր, ամեն մեկն իր համար կատարում է ճշտումներ, հետևություններ:

  • Գործնական քերականության վարժություններ («Հայոց լեզու», 5-6 դասարան)

Այսպիսի առաջադրանքներն ուղղված են ոչ միայն տվյալ քերականական նյութի յուրացմանը, վարժանքին, այլև ինքնուրույն եզրահանգումներ անելուն և այդ թեմայի վերաբերյալ առաջադրանքներ կազմելուն: Առաջադրանք կատարելը ևս ճիշտ ընթերցել է. հակառակ դեպքում երեխան չի հասկանա առաջադրանքը: Սովորողները այս աշխատանքը սիրով են անում. վարժությունները հետաքրքիր են, տեղեկատվական ու հետազոտական:

  • Հետազոտական, որոնողական աշխատանքներ

Անցնելիք նյութին առնչվող տեղեկատվության փնտրտուք համացանցի էջերում, տեղեկատվական նոր հասցեների որոնում, սովորողի հասցեի SkyDrive-ում իր աշխատանքային թղթապանակների ստեղծում, կատարված աշխատանքները էլեկտրոնային թղթապանակներում և անձնական բլոգում տեղադրում… Այս ամբողջ աշխատանքը զարգացնում է նորանոր հմտություններ, իսկ ընտրված նյութի մշակումը` փոխադրումը, համառոտումը, կարևորն անկարևորից անջատելը, համոզիչ խոսք կառուցելը և այդ ամենը ուսումնական նյութ դարձնելը` կարողությունների ձեռք բերում: Հետազոտական աշխատանքները 5-6 դասարաններում հիմնականում խմբային են և վերջնական արդյունք են դառնում դասարանում: Թեման որոշվում է, բաժանվում են խմբերի, և խմբով կամ անհատապես աշխատում են տանը: Դասարանում վեր են հանվում աշխատանքի հետ կապված խնդիրներ, քննարկվում է աշխատանքի ընթացքը, հետո ներկայացվում են այդ աշխատանքի արդյունքները:

  • Սովորողներին հետաքրքրող աշխատանք է ռադիոնյութի, տեսանյութի, ուսումնական նյութի պատրաստումը

Դպրոցում կատարվող բոլոր իրադարձություններին արձագանքելը` յուրովի ընկալումն ու մեկնաբանումը, հարցազրույցներն ու լրատվությունը դառնում են կայքի նյութ` ռեպորտաժ, ռադիոնյութ, տեսանյութ` աշխուժացնելով և ոգևորելով սովորողին: Իսկ փնտրելով, գտնելով և օգտագործելով նոր մոնտաժային ծրագրեր` հմտանում են և նոր ու նոր կարողություններ ձեռք բերում:

Նախնական աշխատանքները` տեսագրումը, ձայնագրումը, կատարվում են դպրոցում, իսկ մոնտաժը` տանը (կամ դպրոցում, ուսումնական պարապմունքներից հետո): Ամսական պարտադիր է համարվում 2 ռեպորտաժ, 2 ռադիոլուր, 2 տեսանյութ:

  • Ուսումնական նյութերի ստեղծում

Թեմայի ամփոփման փուլում ստեղծվում են աուդիոգրքեր, տեսանյութեր` որպես սովորածի ամրապնդում և գիտելիքի կիրառում:

  • Կայքում նյութերի տեղադում սեփական էջերից

Սա սովորողին ստիպում է ավելի աչալուրջ լինել, օգնում է գրագետ գրելուն:Առաջ է գալիս մրցակցություն` ով ինչքան է գրում, արձագանքում, ինչպես է գրում:

  • Կայքի հետ այլ աշխատանք

Շաբաթը մեկ-երկու անգամ, դասարանում կազմակերպում ենք mskh.am-ի և Նոր դպրոցի ենթակայքի նյութերի բանավոր քննարկում, որին սովորողները պատրաստվում են տանը: Այդ քննարկումներն օգնում են ընկերոջ նկատմամբ ուշադիր, հարգալից լինելուն, խորհելուն, սեփական կարծիք ունենալուն, տեսակետ արտահայտելուն, նոր նյութի ձևով սեփական ասելիք ձևակերպելուն:

Ամիսը 2 անգամ կազմակերպվում ենք առցանց քննարկումներ և որոշակի թեմայով դիտարկումներ:

  • Կրթահամալիրային օրացույցով նշված օրերի մասնակցություն և արձագանքում
    Կարդացած գրքի, տեսած հաղորդման, ֆիլմի ներկայացում
    Մեդիաօլիմպիադաների, ստուգատեսների մասնակցություն, անհատական, խմբային, ընտանեկան նախագծեր:

Ուսումնական ճամփորդություններ

Տեսածն ու լսածը փոխանցելը, զգացածն արտահայտելը մայրենի լեզվից ուսումնական ամենակարևոր աշխատանքն է:

Սովորողը հատկապես լրատվական, ստեղծագործական աշխատանքի տարբեր փուլերում ունենում է ուսուցչի օգնության կարիքը: Նա իր աշխատանքային նյութերն է ուղարկում է ինձ, ես` հարցեր, հուշում, լրացում: Այդպես ամբողջ երեկոն աշխատում ենք առցանց` ամեն մեկի հետ առանձին, երբեմն էլ` խմբով:

Պարտադիր աշխատանքներից բացի, սովորողը տանը անում է նաև կամավոր, լրացուցիչ աշխատանք`

  • Անհատական բլոգի վարում
    Ընկերներով խորհրդակցում են, իրար օգնում, սրբագրական և խմբագրական գործեր անում: Ես նույնպես հետևում եմ այդ աշխատանքին:
  • Դասարանի կայքի ստեղծում
    Խթանում է երեխաների ստեղծագործական միտքը, գործածության մեջ են դրվում ոչ միայն մեդիահմտությունները. դրսևորվում է անհատը, և ուսուցումը դառնում ժամանակակից, ինքնատիպ, խրախուսող:
  • «Հայոց լեզու» դասագրքով լրացուցիչ աշխատանք
    Բացի պարտադիր տրված վարժություններից, սովորողը կամովին շարունակում է աշխատել դասագրքով: Դժվարությունների հանդիպելիս դիմում է ինձ` դասի ժամին կամ էլ. փոստով:
  • Ուսումնական նյութերի պատրաստում
    Հանձնարարված մեկ հեղինակի կամ մեկ բանաստեղծության փոխարեն պատրաստում է ավելին:
  • Իր ցանկությամբ պատմում է ամեն ինչի մասին

Կարևորվում է սովորողի նախասիրությունները, պահի բռնկումը (ստեղծագործական, երևակայական, ցուցադրելու), գտածի հաղորդումը:

Advertisements