Ակումբային գործունեությունը Բ-1-ի դպրոց-պարտեզում

Վերջին տարիների փորձը ցույց տվեց, որ ընտրությամբ առարկան ոչ այլ ինչ է, քան աշակերտի ընտրությամբ գործունեություն: Պարտադիր դասաժամերից հետո, որը ենթադրում է պարտադիր առարկաների հերթականություն` սահմանված ժամանակահատվածում, աշակերտը զբաղվում է իր սիրած առարկայով կամ գործով և դառնում իր գործի ու ժամանակի տերը: Դառնալով իր գործի և ժամանակի տերը` նրա իրավասությունն  է` բաժանե՞լ  արդյոք իր ժամանակը առանձին առարկաների, թե՞ դիտել այն որպես համագործունեություն (առարկաների ինտեգրում, համագործակցային ուսուցում):  Սովորողների համագործունեությունը զարգացնում է նրանց  ինքնուրույնությունն ու ակտիվությունը: Ակումբը ընդամենը ապահովում է երեխայի առօրյան, որտեղ երեխան ապրում է իր լիարժեք ինքնուրույն կյանքով: Ակումբային գործունեությանը մասնակից են դառնում նաև ծնողները, ուսուցիչները` դառնալով աշակերտի գործընկերն ու օգնականը:

Թեև սահմանված կարգով աշակերտը իր ընտրած առարկան իրավունք ունի իրականացնելու շաբաթական 4 ժամ, ակումբային աշխատանքը թույլ է տալիս շարունակելու այն մինչև ժամը 5-ը, քանի որ դպրոցը գործում է երկարացված օրվա  ռեժիմով:

Ակումբի համար հատկացված է սենյակ, բայց դա չի նշանակում, որ ակումբային գործունեությունը սահմանափակվում է պատերի ներսում: Մենք առաջարկում ենք  ՙԱկումբ անիվների վրա՚: Մեր առաջարկած ակումբը թույլ կտա տեսնել, շոշափել, զգալ, որոնել, հետազոտել, յուրովի ըմբռնել, քննադատորեն մոտենալ տեսածին ու լսածին, չընդունել որպես բացարձակ ճշմարտություն և արդյունքում ունենալ առողջ մտածողներ:

2007-2008 ուստարում ակումբային աշխատանքներն իրագործելու են 5-6-րդցիները, կրթահամալիրի մյուս օղակների սովորողները և դասավանդողները: Ակումբը  տարաբնույթ է` ընթերցասերի (հայերեն, անգլերեն, ռուսերեն), լրագրողի, ֆոտոլրագրողի, թարգմանչի, բնագետի, տեխնոլոգի:

Ակումբում գործող խմբակներ, աշխատանքներ, ենթածրագրեր։
Ճամփորդություն — դպրոց բնության գրկում. դաս-շրջագայություն, կենդանի ուսպլան: Քանի որ ճամփորդությունները լինելու են թեմատիկ, աշակերտները խմբի ղեկավարի  հետ միասին տեղում կազմում են և պլանավորվում են օրվա ռեժիմը, ընտրում են ուսումնասիրվող նյութը կամ հետազոտական աշխատանքը` ըստ  տվյալ շրջանի մշակութային արժեքների, պատմաաշխարհագրական դիրքի, բնության` որպես հարստություն (կենդանական և բուսական աշխարհ` ծառեր, թփեր, դեղաբույսեր), բարբառի` որպես լեզվամտածողություն,  կազմում են արշավների ցանկը: Կողմնացույցը և քարտեզը երեխաների համար կդառնան աշխատանքային գործիքներ:

Որպես փոխանակման ծրագիր` խումբը կհամագործակցի այն տեղի դպրոցների հետ, որտեղ կլինի, կանցկացնի համատեղ դասեր, քննարկումներ և այլն:

Փոքրիկ զբոսավարը ակումբի այն մասնակիցն է, որը կհավաքի իր հայրենի բնաշխարհի, տեսարժան վայրերի, հայտնի մարդկանց մասին բոլոր նյութերը, բանահյուսական նյութերը, և հայերեն, անգլերեն կամ ռուսերեն կկարողանա ներկայացնել թե՛ իր հասակակիցներին, թե՛ մեծերին (հայերեն կներկայացնի ճամփորդությունների ժամանակ, դպրոցում ընկերներին ընդունելիս, կայքում եռալեզու կպատմի հետաքրքրասերների համար, էլեկտրոնային կամ փոստային հասցեներով կգրի, կհանդիպի Երևանի հյուրերի):

Հանրօգուտ աշխատանքը դառնում է սրա շարունակությունը. աշակերտները մասնակցում են ոչ միայն իրենց շրջապատի բարեկարգմանը, այլ նաև իրենց հյուրընկալած տարածքում տարվող գյուղատնտեսական կամ այլ աշխատանքներին:

Թատրոնը և երգչախումբը ակումբի առօրյան դարձնում են ավելի  շարժուն, դինամիկ` բավարարելով երեխայի ինքնարտահայտման պահանջմունքը, զարգացնելով նրա գեղագիտական ճաշակը, հարստացնելով ներաշխարհը:

Ծնողների  համար ակումբում կազմակերպվում են համակարգչային գրագիտության դասընթացներ, որպեսզի նրա նք կարողանան տեղեկանալ, տեսնել, ծանոթանալ իրենց երեխաների համակարգչային աշխատանքներին, հաշվետվություններին:
Դասավանդողը տվյալ դեպքում կլինի աշակերտը, և ծնողը արդեն կդիտվի կրթական գործունեության մասնակից:
Դասավանդողն օգնում է, ուղղորդում աշակերտին, ծնող-աշակերտ, աշակերտ-դասավանդող, ծնող-դասավանդող շղթայի մեջ դառնում մի գործող օղակ:

Խնդիրները

  • Հետախույզ, ստեղծագործող, որոնող մտքով մարդու, ազատ անհատի դաստիարակում
  • Երեխաների ակտիվության և որոշումներ ընդունելու կարողության ձևավորում
  • Սովորողների նախասիրությունների, ընդունակությունների բացահայտում, անձի համակողմանի զարգացում
  • Քաղաքացիական, զարգացած, խղճով անձի ձևավորում. հասարակության շահերի տեսակետից ինքնագնահատում և արժևորում
  • Հետաքրքրությունների ընդհանրություն, բազմազանություն, հոգևոր պահանջմունքների ընդհանուր բավարարում. փոխադարձ հարստացում և հոգևոր հարստությունների մշտական փոխանցում
  • Վեհ, ազնիվ շահերի, պահանջմունքների ու ցանկությունների ներդաշնակության ապահովում
  • Ստեղծման մղումի խթանում
  • Կյանքի առօրյա գործնական խնդիրները հեշտությամբ գլուխ  բերող մարդու դաստիարակում
  • Օգնություն երեխային` դառնալու աշխարհի տերը։

Ակումբային գործունեությունը շարունակական պրոցես է, որտեղ արդյունքն ու աշխատանքը պրոցեսը քայլում են համատեղ և արտահայտվում պարբերաբար կրկնվող հաշվետու ցուցահանդեսներով (նկարների, լուսանկարների),  փաթեթներով, ներկայացումներով և վերջապես թերթով:

                                                                                Մարգարիտ Հարությունյան
Մարիամ Սիմոնյան