Հովհաննես Թումանյան

 Թումանյան, «Մի՞թե դժվար է»

Մի՞թե հիրավի, միտք եմ անում ես, մենք էնքան ենք զուրկ առաքինություններից, որ մի լավ գործի մեջ էլ իրար կողքի կանգնելն ու միասին ուրախանալը պետք է էսքան մեզ զարմացնի ու էսքան ուրախացնի։

Բայց մի՞թե ճշմարիտ է, էդքանն էլ չկա մեր մեջը։ Մի՞թե անկարելի է լինել առանձին կարծիքի ու համոզմունքի և հարգել իրար ու նույնիսկ միասին ուրախանալ։ Մի՞թե դեռ ժամանակը չի հասել, որ կարողանանք լինել ավելի լայն սիրտ, ավելի համբերատար, ավելի ներող ու սիրող, քան թե ենք։ Մենք շատ ենք քարացել չկամության ու չարակամության մեջ, շատ ենք ընտելացել ատելության մաղձի դառնությանը ու դարձել ենք ատելի. մի՞թե խորթ ու անմատչելի պիտի մնա մեզ սիրո պայծառ զգացմունքը, մի՞թե չենք կարող իրար մոտենալ, բարության աչքերով նայել իրար ու տեսնել իրար մեջ մեր լավ կողմերը, քանզի մարդ չկա, որ լավ կողմեր չունենա, ու էսպեսով էլ կյանքը դարձնել քաղցր ու սիրելի։

Մի՞թե դժվար է։

1913

  • Ո՞վ է առաքինի մարդը: Բառարանի օգնությամբ բացատրիր առաքինություն բառը:
  • Ի՞նչ ես կարծում` լինել առանձին կարծիքի ու համոզմունքի և հարգել իրար ու նույնիսկ միասին ուրախանալը անկարելի՞ բան է։
  • Խնդրում եմ հիշեք կոնկրետ դեպք` վերջին անգամ երբ եք սրտանց ուրախացել ձեր կողքինի ուրախությամբ:

Աղբյուրը http://movsisyannune.com/2013/02/04/%D5%A9%D5%B8%D6%82%D5%B4%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6%D5%B4%D5%AB%D5%9E%D5%A9%D5%A5-%D5%A4%D5%AA%D5%BE%D5%A1%D6%80-%D5%A7/?relatedposts_exclude=6571

Advertisements

Հայրենագիտական փաթեթ

Հայրենագիտական փաթեթ

Չեմ կարծում, որ օրուայ` կրակ առած մեր Երկրագնդի վրայ մի այլ ժողովուրդ այնքա՜ն յաճախ խօսէր հայրենիքի եւ հայրենասիրութեան մասին, որքան հայը: Յաճախէ՜ք մեր հանդէսները եւ անմիջապէս պիտի համոզուէք, որ ամենից շատ հայ մարդն է «ուխտում» ծառայել հայրենիքին, մեռնել նրա համար: Այդ երեւոյթի հոգեբանական գաղտնիքը նրանումն է, որ հայ «հայրենասէր»-ը քաջ գիտէ, թէ իր կուրծք ծեծելը, իր ուխտը բնաւ չի՜ պարտաւորեցնում իրեն ո՜չ միայն մեռնել, այլեւ անշահասիրաբար օգտակար լինել իր հայրենիքին /Գարեգին Նժդեհ/

Հայրենասիրություն ասվածն հենց հայրենիքում ապրելն է: Իսկ այդ Հայրենիքը պահպանելու, գնահատելու համար ոչ թե գրքային ձևակերպումներ, տեսական, երբեմն ամպագոռգոռ խոսքեր ու ելույթներ են պետք, այլ՝ հայրենաճանաչություն՝ Հայաստանի Հանրապետությունը ոտքի տակ տալով, սար ու ձոր, տնե տուն շրջելով, բնության, նյութական մշակույթի, բնական հարստությունները ճանաչելով, բառ ու բանը, բարբառը լսելով, ընկալելով, արհեստավորի, գյուղացու կողքին կանգնելով կամ հետն աշխատելով: Դե՝ գնացինք: Մեր առջև է այսօրվա ՀՀ-ի քարտեզը՝ իր մարզերով, մարզկենտրոններով, քաղաքներով ու գյուղերով, գետերով ու մշակութային կոթողներով. ուր գնալ և ինչպես գնալ:
Ամենամոտիկն, իհարկե, տունն է, թաղը, թաղամասը: Այստեղից էլ պետք է սկսել: Սովորողները պատմում են իրենց թաղամասի, քաղաքի, գյուղի, տատիկ-պապիկների ծննդավայրի մասին, գնում ենք մեզ ծանոթ հետաքրքիր մարդկանց հետքերով:
Հետո հաճախ ըստ ուսումնական օրացույցի, երբեմն հրավերով կամ ինքնաբուխ, գնում ենք Երևանից դուրս:
Քարտեզի վրա գտնում ենք մեր նախանշած վայրը, գծում ավտոճանապարհային քարտեզը՝ նշելով կանգառները, ապա անցնում համացանցային, գրքային ուսումնասիրության՝ տեղեկանում ենք այդ վայրերի մասին, գտնում ենք ծանոթ կամ անծանոթ մարդկանց, որ կարող են մեզ հյուրընկալել, կապ ենք հաստատում նրանց հետ (գյուղապետ, դպրոցի տնօրեն, հարազատ-ծանոթ) և ուղևորվում դեպի նշանակետը:

Դժվարն առաջին անգամն է: Մեր սաներն արդեն գիտեն՝ ինչ դնել ճամփորդական պայուսակում: Դա առանձին ուսումնական աշխատանք է, կարևոր է և ճշտում են եղանակը, վայրի աշխարհագրական դիրքը, հեռավորությունը Երևանից, գիշարակացի պայմանները, ճամփորդության գլխավոր նպատակը, մեր անելիքները տեղում… Մի խոսքով՝ հենց այնպես չենք վեր կենում ու գնում:

Նախապես ճշտում ենք՝

  • ճամպրուկի պարունակությունը
  • մեր գնալու նպատակը
  • մեր անելիքները ճանապարհին
  • մեր գործողությունները նպատակակետում:

Տեղում սկսում ենք մեր ուսումնահետազոտական աշխատանքները: Շրջայց բնակավայրում, ծանոթացում բնակիչների հետ, բանահավաքություն, հարցազրույցներ: Նոր միջավայր, ուրիշ կենցաղով ապրող մարդիկ, այլ խոսվածք, ինչ է մնում՝ հաղորդակցվել մարդկանց հետ, ճանաչել իրար, ուսումնասիրել կենցաղը, ապրել այդ կենցաղով: Երեխաները սիրում են այս աշխատանքը. մի փոքր վարանումից հետո արագ մտնում են երկխոսության մեջ, դառնում անկաշկանդ, կարևորելով իրենց գործը՝ ինքնավստահ, հարցերն էլ՝ ավելի հետաքրքիր ու իմաստալից:
Հարցազրույցներն օգնում են երեխային գրագետ խոսել, հարցը ճիշտ ձևակերպել, տեղին հարցադրումներ անել, ամբողջական խոսք կառուցել: Հարցազրույցը նաև կիրթ պահելաձևի ու դիմացինին լսելու, հասկանալու, ճիշտ արձագանքելու կարողություններ է ձևավորում: Հոգևոր արժեքները ճանաչելու, արժևորելու, մեր պատմությանը հաղորդակից լինելու համար այցելում ենք բնակավայրի տեսարժան վայրերը/1,2/, հարցազրույցների միջոցով ծանոթանում դրանց պատմությանը /1/: Աշխույժ ու բովանդակալից են անցնում հանդիպումները սովորողների ու ուսուցիչների հետ (դպրոցում կամ դպրոցից դուրս): Մեր սովորողները պատմում են իրենց դպրոցի, դասերի մասին, ներկայացնում կայքը, ստուգատեսներն ու դիջիթեքը, ընտրությամբ գործունեությունն ու ընտրած սպորտաձևը: Հպարտությամբ են պատմում, ներկայացնում, բայց ոչ՝ մեծամտությամբ, իսկ վերջում՝ հրավիրում կրթահամալիր:  Ընթացքում սիրով և համբերատար կրկնում են չհասկացված բաները, սովորեցնում նյութեր պատրաստել, նամակներ գրել:

Հաճախ ենք մտնում գյուղապետարան, տեղեկանում այսօրվա գյուղի՝ բնակչության, զբաղմունքի, գյուղացու ապրելակերպի՝ ուրախությունների, հոգսերի  մասին, համեմատում իրենց համացանցային իմացածի հետ, հարցեր տալիս, պարզաբանումներ մտցնում, իսկ երեկոյան ամեն երեխա իրեն հյուրընկալող տանը ապրում է իր հասակակցի հետ, տեսնում և զրույցի միջոցով շատ բան իմանում տվյալ բնակավայրի մասին: Մեծ է գիշերակացով ճամփորդությունների առավելությունը, քանի որ շատ ու շատ խնդիրներ են միաժամանակ լուծվում: Ինքնադրսևորման, ինքնահաստատման լայն հնարավորություններ են ընձեռում եռօրյա ճամփորդությունները: Ճամփորդության գերխնդիրը միջավայրը և այդ միջավայրում ապրող մարդն է, որի հետ պիտի շփվես, խոսես, հաց կիսես, խաղաս, երգես ու պարես, օգնես դրսի և ներսի աշխատանքներում՝ կով կթես, փայտ ջարդես, հաց թխես, ջուր կրես, գիշերները բարբառով պատմած ծիծաղելի պատմություններ կամ հուշեր լսես: Արդյունքում՝ հետաքրքիր պատումներ Եվ ամենամեծ ձեռքբերումը՝ ընկերներ, մտերիմ-ծանոթներ, ինքնաճանաչում, հայրենաճանաչում:

Ճամփորդության արդյունքում էլ պատրաստում ենք հաշվետվություն, տեղեկատվական, նկարագրական տարբեր նյութեր, որտեղ ներկայացնում ենք մեր անցած երթուղին /Երևան-Ծաղկավան/, վայրը՝ իր մարդկանցով, առանձնահատկություններով: Այսքանից հետո, պարզ չէ՞, որ երեխան հպարտությամբ կխոսի, կպատմի իր տեսած, ճանաչած հայրենիքի մասին: